«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ ԱԺ այսօր մեկնարկող արտահերթ նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաեւ դատական նոր օրենսգրքի նախագիծը: Սա, ի դեպ, սահմանադրական օրենք է, եւ խորհրդարանն այն պետք է ընդունի առնվազն երեք հինգերորդի՝ 63 պատգամավորի կողմ քվեարկելով: Իսկ ընդունվելուց հետո Երեւանի վարչական շրջաններում այսօր գործող ընդհանուր իրավասության յոթ դատարանների փոխարեն կկազմավորվի մեկը՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, որն իր կազմում կունենա 66 դատավոր. մեկ դատարանի նախագահ եւ 65 դատավոր:
Այսպիսով Հայաստանի դատական համակարգում կձեւավորվի մի մարմին, որն իր ազդեցությամբ գրեթե հավասարազոր կլինի ՀՀ վարչական դատարաններին: Այս փոփոխության հետ կապված ամենաուշագրավն այն է, թե նախագծի հեղինակները ինչպես են հիմնավորել Երեւանում մեկ ընդհանուր դատարան ձեւավորելու անհրաժեշտությունը:
Ըստ հեղինակների' այսպես հնարավոր կլինի մայրաքաղաքի դատարաններում գործերի քննության ծանրաբեռնվածությունը հավասար բաշխել: Իսկ թե փոփոխությունն ինչպես կազդի դատարանների անկախության, արդարադատության որակի վրա, այս մասին ոչ մի խոսք: Այսինքն' մարդիկ պատրաստվում են ամբողջությամբ փոխել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանների կառուցվածքը, բայց չեն էլ բարեհաճել պարզաբանել, թե իրենց քայլն ինչպիսի հետեւանքներ է ունենալու՝ բացի այսրոպեական պահանջների բավարարումից: Արդարադատությունն իրենց համար սոսկ վիճակագրություն է, թվեր եւ ուրիշ ոչինչ: Ու եթե պարզվի, որ այս օրենքը կենսունակ չէ, ապագայում, մեղմ ասած, դժվար կլինի փոփոխության ենթարկելը:
Հ. Գ. ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն էլ էր ինչ-որ վիճակագրության հղում անելով' ասում, թե աղջիկների 25 տոկոսը մինչեւ 15 տարեկան սեռական կյանքով է ապրում, դրա համար անհրաժեշտ է գարդասիլ ներարկել նրանց: Հետո ասեց, թե տղաներին էր վերաբերում այդ վիճակագրությունը: Բայց միեւնույն է՝ ներկայացված ցուցանիշներին հանրության լայն շերտերը չհավատացին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։