Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի վավերացման հարցում որեւէ դժվարություն չի կանխատեսում ազգային մակարդակով որեւէ անդամ պետության կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նա այս մասին ասաց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի ավարտից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ:

«Երբ այդ գործընթացներն ավարտվեն եւ փոխանցվեն Եվրախորհդարան, վստահ եմ, որ համաձայնագիրը սահուն կերպով կվավերացվի եւ վերջնական տեսքի կբերվի»,-ասաց նա:

Բրյուսելում նոյեմբերի 24-ին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ: