Հայաստանի եւ Եվրամիության միջեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների մեծ մասը անմիջապես վավերացումից հետո կդրվի ժամանակավոր կիրառման: Այս մասին «Ժողովրդավարություն, լավ կառավարում եւ կայունություն» առաջին թեմատիկ պլատֆորմի «Հանրային կառավարման բարեփոխումներ» պանելի 14-րդ նիստի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: «Այդ գործընթացը կմեկնարկի մինչեւ ապրիլի 1-ը»,-ասաց նա:
Փոխարտգործնախարարը նաեւ տեղեկացրեց, որ նիստին մասնակցում են եւ՛ ԵՄ, եւ՛ Արեւելյան գործընկերության անդամ երկրների ներկայացուցիչները՝ քննարկելու եւ համեմատելու հանրային կառավարման ոլորտում բարեփոխումների ընթացքը: «Այստեղ ենք զուտ ժամանակացույցի առումով հասկանալու, թե որ երկիրը որ փուլում է գտնվում»,-եզրափակեց Կարեն Նազարյանը: