Սևանա լիճը հասել է բացասական հաշվեկշռի, թեև պաշտոնական հավաստիացումներում նշում էին, թե լրացուցիչ բացթողումները չեն հանգեցնի լճի մակարդակի բացասական հաշվեկշռի: Այսպիսով՝ 2017-ի դեկտեմբերի 18-ի դրությամբ լճի մակարդակը 6 սմ-ով ցածր է նախորդ տարվա մակարդակից` 1900.48 մ-ից իջնելով 1900.42 մ-ի:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանը համոզմունք հայտնեց՝ 20 տարուց ավելի է՝ իշխանություններն ունեն հստակ վերաբերմունք, որ Սևանա լճի մակարդակը չբարձրանա. «Նրանք ամեն միջոց գտնում են՝ սուտ հորինելով: Թեև այս տարի իսկապես երաշտ էր, բայց արժե՞ր 270 մլն վերցնել, դրան գումարած նաև գողացածը ահռելի թիվ է կազմում: Հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ համաշխարհային բանկը չի ուզում, որ Սևանա լճի մակարդակը բարձրանա և դրան ենթարկվում է Հայաստանի կառավարությունը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս ամենն ապացուցող փաստաթղթեր կան:
Սանասարյանը նշեց, որ 1998 թվականին հրապարակվել է Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ծրագիրը և Համաշխարհային բանկի կողմից արված օգուտների, վնասների վերլուծությունն անելիս տեսնում ենք, որ նրանք ատամներով պաշտպանում են այն, որ լճի մակարդակը չբարձրանա. «Հայաստանի իշխանությունները քանի որ ապրում և հավանաբար անձնական հարստությունն են կուտակում հարկեր մսխելով, իրենք ենթարկվում են այդ ծրագրին: Եվ պատահական չէ, որ նույն իշխանավորները Սևանա լճի արգելված գոտում ֆունդամենտալ շենքեր, ասֆալտապատ ճանապարհներ կառուցեցին: Ահա թե լկտությունն ինչ աստիճանի է հասնում: Կոկորդիլոսի արցունքներ թափելով ասում են՝ իբրև թե ուզում են լճի մակարդակը բարձրանա. սո՛ւտ են ասում»,- նշեց Սանասարյանը՝ ընդգծելով, որ եթե նույնիսկ առատ տեղումներ լինեն, միևնույն է՝ ջրի մակարդակն իջնելու է, քանի որ ջուր են բաց թողնում:
Նշենք, որ Սևանա լճի մակարդակը 2017թ-ին հասած իր ամենաբարձր նիշից` 1900.91մ-ից ընդհանուր առմամբ իջել է 49 սմ-ով: Սևանա լճի մակարդակի նման մեծ անկումը պայմանավորված է հիմնականում լճից օրենքով սահմանված 170 միլիոն խմ-ից բացի ևս 100 միլիոն խմ ջրի բաց թողումով:
Սանասարյանի խոսքով՝ նշվում է, որ ջրի մակարդակը տարվա ընթացքում կարող է բարձրանալ 3 մետրով, որը կարող է տեղի ունենալ ընդամենը 4-5 տարվա ընթացքում, սակայն հակառակն է կատարվում. «Իրենք կեղծիքով հասան 270մլն խմ-ի, հետո տեսան, որ դա անցավ, հունվարին 100 էլ վերցրին՝ ասելով, իբրև թե երաշտ է: Բայց պետք է նշեմ, որ ժամանակին Սևանա լճից տարեկան ոռոգման նպատակով ծախսվում էր 50-70 մլն խմ»,- ընդգծեց «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ: