Ադրբեջանը խտրական վերաբերմունք է ցուցաբերում իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների հանդեպ: Դա Ադրբեջանի որդեգրած պետական քաղաքականությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Անժելա Էլիբեգովան: «Ադրբեջանն ակնհայտ խտրական վերաբերմունք է ցուցաբերում իր երկրում ապրող թալիշների, լեզգիների հանդեպ՝ խախտելով միջազգային պարտավորությունները: Այդ երկիրն անում է ազգային փոքրամասնությունների հետ այն, ինչ ուզում է»,-հավելեց քաղաքագետը:
Նա հիշեցրեց Բուդապեշտում հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանությունն ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի ձեռքով՝ նշելով, որ ցանկացած երկրում ցանկացած ադրբեջանցի սպառնալիք է ցանկացած հայի համար:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայատյացության դրսեւորումներին, որոնք նաեւ տեղ են գտել դասագրքերում, մեթոդական ձեռնարկներում, մանկական գրքերում, քաղաքագետն ասաց, որ Ադրբեջանը հասկանում է, որ վատ բան է անում, սակայն շարունակում է այդպես վարվել, քանի որ իր հասարակությունն այդ պահանջն ունի: «Մեր խնդիրն է ցույց տալ եւ բարձրաձայնել այդ խնդրի մասին: Մեծահասակ սերունդը, որն ինչ-որ չափով շփում ունեցել է ադրբեջանցիների հետ, դրական կարծիք ունի իրենց մասին, բայց փոքր տարիքի սերունդը ոչ մի պատկերացում չունի»,-ասաց նա: