Կառավարությունը հավանությունը տվեց «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման միջոցառումների մասին որոշման նախագծին: ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը հիշեցրեց, որ օգոստոսի 7-ին «Վեոլիա Ջուր»-ը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները վերանայելու հայտով, որով առաջարկվել էր 194,3 տասնորդական դրամ՝ ներառյալ ԱԱՀ, որն էլ ՀԾԿՀ-ի կողմից բավարարվել է:
«Սակագնի բարձրացմամբ բաժանորդների մոտ լրացուցիչ բեռ չառաջացնելու համար առաջարկվում է օպերատորի կողմից վճարվող վարձավճարների հաշվին «Վեոլիա Ջուր»-ին տրամադրել սուբսիդիա՝ 2018-ի ընթացքում նախկին 180 դրամ սակագինը պահպանելու համար»,- ասաց Հարությունյանը::
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ ճի՞շտ է հասկանում, որ պետությունը սուբսիդավորում է բոլոր սպառողներին, ինչին Հարությունյանը դրական պատասխան տվեց:
«Այս որոշումն ընդունում ենք, բայց հետագա նման գործողությունների ժամանակ անհրաժեշտ է մշակել կարգ, որով մենք կսուբսիդավորենք միայն սոցիալապես խոցելի զանգվածին, ոչ թե բոլորին: Սա վերջին տարին է, որ մենք բոլորին սուբսիդավորում ենք», - ասաց Կարեն Կարապետյանը: