Նախորդ օրերին մենք շատ ծանր տեսարանի ականատես դարձանք, երբ հրապարակվեցին Աբովյանի դատաբժշկական կենտրոնի հհայտնի կադրերը եւ ֆունդամենտալ հարցը, որ պետք է պատասխան ստանա հետեւյալն է՝ արդյոք սա պետության ու կառավարության վերաբերմունքն է արտահայտում զոհված զինվորների եւ ընդհանրապես հանգուցյալների նկատմամբ: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը. «Այս հարցին պատասխանը գտնելու համար ես նախ կուզենամ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացնի, թե ոլորտում 2018-ից ի վեր ինչ փոփոխություններ են տեղի ունեցել և ինչ աշխատանքներ են արվել»,-ասաց նա:
Առողջապահության նախարարը պատասխանեց. «Մինչեւ 2018 թվականը ԱՆ ենթակայությամբ գործող «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» ունեցել է միայն Երեւանի դիահերձարանը բարոյապես մաշված կարողություններով: Մարզերում ընդհանրապես մասնաճյուղեր չեն եղել: Ծառայությունը կազմակերպվել է բժշկական կազմակերպությունների կողմից ժամանակավոր տրամադրվող անհրաժեշտ չափանիշներին չհամապատասխանող սենյակներում: Դատաբժշկական ծառայությունն ունեցել է Երեւանում 25 սառնարանային տեղ, այժմ ունի մոտ 200 սառնարանային տեղ:
2018-ից հետո մշակվել եւ կյանքի է կոչվել դատաբժշկական համապետական, անհրաժեշտ չափանիշներին համապատասխան ծառայություններ ապահովող ցանցի ստեղծման ծրագիրը: Նախատեսվել է Երեւանում կենտրոնական կառույցի եւ մարզերում մասնաճյուղերի համապարփակ համակարգ եւ սկսվել են լայնածավալ աշխատանքներ: Այս ծրագրի շրջանակներում Մեծամոր, Աբովյան, Գյումրի, վանաձոր, Եղեգնաձոր, Սեւան, Գորիս քաղաքներում հիմնվել են մասնաճյուղեր:
2018-ին ամբողջությամբ վերանորոգվել է Երեւանի կենտրոնկան դիահերձարանը եւ սառնարանները համալրվել են նոր լաբորատոր սարքավորումներով: 2020 թվականին հիմնանորոգվել է Մեծամորի դիահերձարանը եւ կառուցվել է սառնարանային նոր բլոկ: Հիմա ընթանում է երկրորդի կառուցումը: 2020-ին հիմնանորոգվել է Աբովյանի մասնաճյուղը, տեղադրվել են կասետային սառնարաններ, հիմա էլ լրացուցիչ սառնարանային նոր մաս է կառուցվում: 2020-ին Գորիսում տեղադրվել է նոր սառնարանային բլոկ: 2021-ին վերակառուցվում եւ սառնարաններով համալրվում է Մարտունու մասնաճյուղը: Այժմ նախագծվել եւ ընթանում է Սեւանի մասնաճյուղի ամբողջական վերակառուցման ծրագիրը: 2018-ից առաջ գենետիկական հետազոտությունների անցկացման համար ընդահնարպես սարք չի եղել: 2018-ին մի քանի գերատեսչությունների համատեղ ջանքերով գնվել է առաջին սեկվենատորը, իսկ 2020-ին երկրորդ ամբողջական հոսքագիծը»,- զեկուցեց Անահիտ Ավանեսյանը:
Վերջինս նաև տեղեկացրեց, որ 25 տոկոսով ավելացել է այդ ոլորտում աշխատողների աշխտավարձային ֆոնդը. «Ուժեղացվել է գիտագործմանակ բաղադրիչը: Ընդհանուր առմամբ, եթե խոսենք բյուջետային հատկացումների մասով, 2017-ին ընհանուր բյուջեն կազմել 389 մլն դրամ: 2018-ի առաջին ամիսներին այն կրճատվել է 24 մլն դրամով: 2019-ին այդ բյուջեն դարձել է 481 մլն, 2020-ին՝ 594 մլն դրամ»,-ընդգծեց նախարարը:
Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով կոնկրետ միջադեպին, երբ հրապարակվել էին Աբովյանի դիահերձարանում զինծառայողների տոկրակներով գետնին ընկած դիերը, ասաց. «Հիմա այդ միջադեպի հետ անմիջական առնչություն ունեցող բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից: Բայց երբ որ համակարգերում բարեփոխումներ են տեղի ունենում, մենք տեսնում են ցույցեր, բողոքներ, որ այդ մարդկանց ազատում են աշխատանքից: Ես հիշում եմ, որ երբ մի ԲԿ-ում այդպիսի բարեփոխումների աշխատանք էր տեղի ունեցել, եւ երբ հեռուստատեսային ռեպորտաժը տեսա, ուղղակի շշմեցի: Այդ ԲԿ-ի աշխատողները չստիկներով դուրս էին եկել փողոց ցույց էին անում, հետո նույն չստիկներով մտան հիվանդանոց»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը: