«Ստեփան Գիշյան» և «Միասին» հիմնադրամների համատեղ ջանքերով Գյումրիում ստեղծվել է հացի «սոցիալական» արտադրամաս, որտեղ սոցիալապես խոցելի խմբերի երիտասարդները և պատանիները հնարավորություն կունենան աշխատել և մասնագիտություն ստանալ։
«Այսուհետ Գյումրիում կունենանք հայ-ֆրանսիական «անկյուն»։ Սա այս տարվա ընթացքում հիմնադրամի կողմից ավարտին հասցված արդեն երրորդ ծրագիրն է։ Արտադրամասում արտադրվող հացի մեծ մասը բարեգործության տեսքով ուղղվելու է դեպի ծերանոցներ, բարեգործական ճաշարաններ և մանկատներ, մյուս մասը վաճառվելու է՝ ապահովելով ծրագրի կայունությունն ու շարունակականությունը։ Այստեղ երիտասարդները բացի աշխատելուց կկարողանան սովորել և կատարելագործել իրենց հմտությունները հացի արտադրության ոլորտում՝ ամեն տարի վերապատրաստվելով ֆրանսիացի հացթուխների օգնությամբ։ Կարող ենք փաստել, որ այս բարեգործությամբ նոր բարեգործության սկիզբ դրեցինք»,- նշեց «Ստեփան Գիշյան» հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։
«Ծրագրի շրջանակում մենք փորձում ենք օգնել այն երեխաներին, որոնք դուրս են եկել փակ հաստատություններից՝ մանկատներից, խնամքի կենտրոններից և չունեն ոչ մի տեղ աշխատանք կամ ուսում ստանալու հնարավորություն: Արդեն նմանատիպ փորձ ունենք. Պռոշյան համայնքում շուրջ մեկ տարի գործում է հացի արտադրամաս, որտեղ աշխատում և մասնագիտություն են ստանում «Զատիկ» խնամքի կենտրոնի սաները։ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տրամադրած դրամաշնորհով արտադրամասի համար գնել ենք սարքավորումներ՝ վառարան, խմոր հունցելու սարք, սեղաններ' այն ամենը, ինչ անհրաժեշտ է արտադրամասում սովորելու և միաժամանակ որակյալ ֆրանսիական հաց թխելու համար»,- իր խոսքում նշեց «Միասին» հիմնադրամի տնօրեն Սաթենիկ Հովհաննիսյանը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մինչև տարեվերջ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից ստեղծված բարեգործական հիմնադրամը կամփոփի ևս մեկ դրամաշնորհային ծրագիր: