«Գյումրին ԱՊՀ 2013 թ. մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարությունը, Գյումրու քաղաքապետարանը և Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը հոկտեմբերի 13-ին կկազմակերպեն «Հացի» ու «Ազգային խոհանոցի» փառատոներ և ավանդական կենցաղի ցուցահանդես Գյումրիում և Շիրակի մարզի այլ համայնքներում: Փառատոները տեղի կունենան ժամը 13:00-ին, Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում՝ Ձիթողցյանների տանը:
Փառատոնի նպատակն է ազգային ավանդույթների վերականգնումը, ժողովրդական մշակույթը, ազգային ծեսերն ու տոներն ավելի կազմակերպված դարձնելը: Այդ օրը Շիրակի մարզի գրեթե բոլոր գյուղերում կվառվեն թոնիրներ և կմեկնարկի հացի արարման ծեսը: Յուրաքանչյուր գյուղական համայնք կունենա տոնակատարության պատասխանատու' գյուղապետ կամ համայնքապետ: Հացատոնը Գյումրիում կսկսվի Անդաստանի կարգով. կօրհնվեն աշխարհի չորս կողմերը, որպեսզի փառաբանվի հատիկից մինչև հաց արարումը: Կարճ, ամփոփ հաղորդումներ կլինեն հացի ստեղծման պատմության, հացարարման մասին ինչպես հայերի, այնպես էլ ԱՊՀ ժողովուրդների սովորութամշակութային կենցաղում:
Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ տոնի գագաթնակետը կլինի թոնրի հիմնարկեքը: Օրը հագեցած կլինի անակնկալներով, որոնք կբացահայտվեն տոնակատարության ընթացքում: Գեղարվեստական ցուցադրումներով, հացարարման իրենց մշակույթով կմասնակցեն բազմաթիվ արվեստագետներ, անհատ ստեղծագործողներ, կցուցադրվեն նաև նկարչուհի Լուսիկ Ագուլեցու Հացի թանգարանի նմուշներից: Կհնչեն հացի ու հողի, գութանի փառաբանման երգեր, հորովելներ: Ժողովրդին կբաժանվի լավաշի մատաղ: Միջոցառման ընթացքում կներկայացվեն հացի հետ կապված հավատալիքներն ու պաշտամունքային ձևերը, որոնք տոնը կդարձնեն զանգվածային: Տոնը կավարտվի Խնդումի ծեսով: