Գյումրիում այսօր՝ ժամը 15-ին, նախատեսվում է ավտոերթի անցկացում: Ակցիան մեկնարկելու է Գյումրիի 8-րդ զինվորական թաղամասում տեղադրված խաչքարի մոտից, վերջին կանգառը Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցին կլինի, որտեղ կայանալու է Ավետիսյանների ընտանիքի հոգեհանգիստը:

 

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրիում: Սպանվել է նույն ընտանիքի վեց անդամ:

 

Մահացել են Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (ընտանիքի հայրը), Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (ընտանիքի մայրը), Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (նրանց որդին), Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (ընտանիքի հարսը), Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (դուստրը), Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2 տարեկան երեխա): Ընտանիքի յոթերորդ անդամը՝ վեցից ութ ամսական Սերյոժա Արմենի Ավետիսյանը հիվանդանոցում է:

 

Ընտանիքի վեց անդամների սպանության մեջ կասկածվողը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է, ում ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանի մոտ:

 

Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության՝ նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո: Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում:

 

Ավտոերթի մասնակիցները պահանջում են կասկածյալին հանձնել հայ իրավապահներին:

 

Քննությունը վարում են ՀՀ և ՌԴ իրավապահ մարմինները: Քննությունն իրականացվելու է ՀՀ և ՌԴ իրավապահ մարմիների ակտիվ իրավական փոխգործակցությամբ: