Ռուսական կողմը' Գյումրիում կատարված սպանության փաստի առիթով Հայաստան այցելած պաշտոնյաները նպատակահարմար են գտնում գործը փոխանցել հայկական կողմին: Հունվարի 12-ին Գյումրիում ընտանիքի վեց անդամների սպանության փաստով հարուցվել է քրեական գործ' ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդված երկրորդ մասի հատկանիշներով: Ռուսական կողմը հարուցել է քրեական գործ' դասալքության և սպանության փաստերի առթիվ:
Ինչպես Գյումրիում հրավիրված ասուլիսում նշել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, դատական ընթացակարգերն են որոշվում երկու երկրների համապատասխան մարմինների միջև, թե գործի քննությունը որ կողմի իրավազորության ներքո է: Հայաստան է ժամանել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինը: «Բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները հակված են նրան, որ ճիշտ և տրամաբանական կլինի, որ հայկական կողմը վարի նախաքննությունը: Երբ որոշում կայացվի, որ նախաքննությունը պետք է վարի հայկական կողմը, ձերբակալվածը կհանձնվի հայկական կողմին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հայտարարեց Հունան Պողոսյանը: Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ դատախազությունների միջև այդ հարցերն են հստակեցվում. սա համագործակցության դասական օրինակ է, երբ մի շարք մարմինների ու երկու կողմի համակարգված աշխատանքի շնորհիվ հայտնաբերվեց հիմնական կասկածյալը:
«Մի կասկածեք, որ մեղավորն իր արժանի պատիժը ստանալու է: Հանցագործությունն ազգություն և աշխարհագրություն չի ճանաչում: Ձերբակալվածը հայտարարել է, որ սահմանն անցնելու ցանկություն չի ունեցել, ընդամենը ճանապարհին մի քանի տեղ թաքնվել է և նկատվելով սահմանապահների կողմից, ձերբակալվել: Նույնիսկ արգելափակված գոտում չի եղել, քաղաքացիական հագուստով է եղել: Ուսումնասիրվում է նրա անցյալը, սակայն այս պահին էլ պարզ է, որ կրթական մակարդակը ցածր է»,- ասաց Պողոսյանը:
Գյումրիում հունվարի 12-ին ընտանիքի 6 անդամներին սպանելու մեջ կասկածվող ռուսական 102-րդ ռազմաբազայի շարքային զինծառայող Վալերի Պերմյակովը տվել է առաջին ցուցմունքը և խոստովանել հանցանքը: «Լքել է մարտական դիրքը' զենքով' ինքնաձիգով և երկու փամփշտակալով' լիցքավորված մարտական փամփուշտներով: Նա պատմել է, որ դուրս է եկել քաղաք զբոսնելու, մտել է այդ տուն, որտեղ էլ տեղի է ունեցել կատարվածը»,- ասել է Պողոսյանը: Զորամասը լքելու պատճառաբանությունը ստուգվում է:
Նա հավաստիացրեց, որ նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը կապահովվի, կնշանակվեն անհրաժեշտ բոլոր փորձաքննությունները: