«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն սույն թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 18.00-ին, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, կազմակերպում է «Ուդուլի» տոլմայի փառատոնը: Փառատոնը նպատակ ունի տարածել և մասսայականացնել տոլման, մոռացությունից վեր հանել նրա բազում տարատեսակներ, հանրությանը ներկայացնել տոլմայի պատրաստման եղանակները, նրա պատմությունը, դրանով իսկ այս վտանգված հայկական կերակրատեսակը զերծ պահել թուրքացումից:
2014թ. «Ուդուլի» տոլմայի փառատոնը նախորդներից կտարբերվի իր թեմատիկայով. այն կկոչվի «Տոլման Հայկական լեռնաշխարհում» խորագիրը և մասնակիցները կփորձեն վեր հանել Հայկական լեռնաշխարհի տարբեր նահանգներում պատրաստված տոլմաների տեսակները և այդ ավանդական բաղադրատոմսերին հաղորդել նոր համ ու հոտ: Փառատոնի ընթացքում մրցույթից դուրս կկազմակերպվեն նաև հետաքրքիր մրցություններ՝ մասնավորապես կորոշվի 2014 թվականի «Ամենաերկար տոլման», տոլմայի «ամենաարագ համտեսը» և այլն:
Նախատեսվում է փառատոնի ընթացքում կազմակերպել 3 գոտիներ՝ տոլմայի ներկայացման գոտի, մշակութային գոտի, որը կներառի ազգագրական-ավանդական տաղավարները, արվեստի գործերի ներկայացման տաղավարներ, և երաժշտական-գեղարվեստական մասի գոտի, որը կներկայացվի բեմի վրա:
Փառատոնի հյուրերը հնարավորություն կունենան համտեսելու տոլմայի բազմազան տեսականի և մասնակից լինելու գեղարվեստական մասի տոնախմբության:
Փառատոնին կներգրավվեն նաև կամավորական թիմեր և շահագրգիռ հասարակական կազմակերպություններ, որոնք փառատոնի հյուրերին կներայացնեն տաղավարների գործունեությունն ու ցուցադրությունները: