Հայաստանը Forbes ամսագրի գործարար միջավայրի ամենամյա վարկանիշում զբաղեցրել է 88-րդ տեղը 153 երկրի շարքում: Զեկույցի համաձայն՝ Հարավային Կովկասում ՀՀ-ն գրանցել է ամենաբացասական ցուցանիշը: Վրաստանը վարկանիշում 52-րդն է, իսկ Ադրբեջանը՝ 70-րդը: Թուրքիան զբաղեցրել է 56-րդ հորիզոնականը, Իրանը՝ 100-րդը: Վարկանիշը կազմելիս դիտարկվում է երկրում բիզնեսով զբաղվելու 15 նախադրյալ՝ հարկային միջավայր, կոռուպցիոն ռիսկեր, ենթակառուցվածքներ, սեփականության իրավունք, քաղաքական համակարգ, շուկայի հնարավորություններ և այլն: ՀՀ-ն բիզնեսով զբաղվելու դյուրինությամբ զիջել էր իր դիրքերը նաև Համաշխարհային բանկի «Գործարարություն- 2018» վարկանիշում: 2017-ին երկիրը 47-րդ հորիզոնականում էր՝ 2016-ի՝ 38-ի համեմատ:
 
Ակնհայտ է, որ Հայաստանը տարածաշրջանային կենտրոնի վերածելու՝ կառավարության ռազմավարությունն արդեն իսկ տալիս է իր հիանալի արդյունքը, եւ Հայաստանն իսկապես դառնում է կենտրոն: Միայն թե Հայաստանը դառնում է տնտեսական անորակության կենտրոն: Հայաստանի կառավարությունն անշուշտ համաձայն չի լինի Forbes-ի հետ: Գուցե նույնիսկ համարի, որ Forbes-ը բանից անտեղյակ է, կամ անգամ ինչ-որ մութ ուժերի պատվերներ է կատարում, վարկաբեկելով Հայաստանի տնտեսությունը և մեր կառավարության գործադրած անմարդկային ջանքերը: Չի բացառվում, որ Forbes-ի հրապարակումներից նույնիսկ «նավթի հոտ» առնողներ լինեն: Մինչդեռ կառավարության համար առնվազն վիրավորական պետք է լիներ այն փաստը, որ պարբերականի վերլուծաբաններն ավելի քաջատեղյակ են Հայաստանի տնտեսական իրողություններից, քան կառավարության անդամները: Դեռ մի բան էլ դաս են տալիս հայրենի պաշտոնյաներին՝ ակնարկելով, որ, մեղմ ասած՝ ձախողվում ենք տնտեսական բարեփոխումների հարցում: Սակայն այստեղ խնդիրը միայն Forbes-ը չէ: Խնդիրը նրանում է, թե ինչ է մտածում Հայաստանի տնտեսության մասին Հայաստանի շարքային քաղաքացին: Իսկ այստեղ, պետք է նշել, որ ՀՀ շարքային քաղաքացիների կարծիքը ոչնչով չի տարբերվում Forbes-ի, Համաշխարհային բանկի, Դուինգ Բիզնեսի կամ որևէ այլ միջազգային հեղինակավոր կազմակերպության գնահատականներից:
 
Որքան էլ կառավարությունը, վարչապետը, ֆինանսների նախարարը միմյանց հերթ չտալով հայտարարում են, որ Հայաստանը ավելի ընկալելի է դարձել բիզնեսի համար, բիզնեսը հակառակի մասին է ահազանգում: Հայաստանի կառավարությանը չի հաջողվում ցույց տալ, որ ինքն իրականում աշխարհում ոչ թե միայն Մադագասկարից է ավելի, այլ, ասենք՝ եւս մի քանի կամ մի քանի տասնյակ երկրներից: Բիզնես միջավայրը բարելավվում է , դրանում կասկած չկա, սակայն բարելավվում է միայն խոշորների համար: Բիզնես միջավայրը գնալով բարելավվում է եւ շարունակելու է բարելավվել այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջ մանրածախ առեւտուրը սուպերմարկետներ չի տեղափոխվել եւ դեռ կան փոքր խանութներ: Բարելավվելու է, քանի դեռ մի քանի տասնյակ համառներ դիմադրում են ու ինչ-որ ապրանք են արտադրում: Ա՛յ, հենց այս մանր-մունրն էլ վերանա, գործող իշխանությունը կարող է հանգիստ շունչ քաշել` Հայաստանը ամբողջովին «բարելավված» կլինի:
 
 
Ստելլա Խաչատրյան