Արտասահմանյան համարանիշերով մեքենաների վարորդների կատարած ճանապարհային երթևեկության խախտումներն այսուհետև կֆիքսեն նաև տեսա և լուսանկարահանող սարքերը:
 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, այս դեպքում կկիրառվեն վարչական ներգործության միջոցներ:
 
Այսուհետ սահմանային անցակետում ծառայություններ կիրականացնեն նաև ճանապարհային ոստիկանները, ովքեր արտասահմանյան համարանիշներով մեքենաների վարորդներին կծանուցեն կատարած իրավախախտումների մասին:
 
Ծանուցման օրվանից մեկ տարվա ընթացքում տուգանքը կամ տուգանքները չվճարելու դեպքում կարգելվի վարորդի մուտքը Հայաստանի Հանրապետություն:
 
Եթե վարորդը օբյեկտիվ պատճառներով չի ծանուցվել կատարված իրավախախտման մասին, օրինակ` սահմանային անցակետ հասնելուց և Հայաստանը լքելուց մի քանի ժամ առաջ կատարել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ապա նա այդ մասին կծանուցվի արդեն վերադառնալիս: Կատարած իրավախախտումների մասին սահմանային անցակետում չեն ծանուցվի միայն արտասահմանյան համարանիշերով մեքենա վարող այն վարորդները, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և ունեն հաշվառման հասցե:
 
«Համակարգի գործարկման նախապատրաստական աշխատանքները լիովին ավարտված են, և համակարգը պատրաստ է գործարկման: Այսուհետ արտասահմանյան համարներով հաշվառված տրանսպորտային միջոցները, որոնք շահագործվում են Հայաստանի Հանրապետության տարածքում և կատարում են ճանապարհային երթևեկության խախտում, կֆիքսվեն տեսանկարահանող և լուսանկարահանող սարքավորումներով և կկիրառվեն համապատասխան վարչական ներգործության միջոցներ»,- նշել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:
 
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2016 թվականի նոյեմբերի 2-ին ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի, նաև վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման աշխատանքների քննարկման ժամանակ ոլորտների պատասխանատուներին տվել էր մի շարք հանձնարարականներ: Այս ընթացքում ՀՀ ոստիկանության պետի հսկողությամբ իրականացվել են անհրաժեշտ ու ծավալուն միջոցառումներ արտասահմանյան համարանիշերով մեքենաների վարորդների իրավախախտումները, տեսա և լուսանկարահանող սարքերով ֆիքսելու, ինչպես նաև իրավախախտումների վերաբերյալ վարորդներին ծանուցելու ուղղություններով:
 
Միջոցառումների շրջանակում 2017 թվականի հոկտեմբերին Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը այցելել է Հայաստանի հյուսիսային սահման` Բագրատաշենի և Գոգավանի անցակետեր: Ազգային անվտանգության ծառայության ու Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների հետ առարկայական քննարկումներից երկու ամիս անց նախապատրաստական աշխատանքները ավարտված էին: