Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և փրկչական Աստվածհայտնության տոնի առիթով հունվարի 6-ին համայն հայության հոգևոր կենտրոն Էջմիածնի Մայր տաճարում մատուցվեց հայրապետական Սուրբ Պատարագ:
 
Արարողությանը ներկա էին պետական բարձրաստիճան այրեր, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Հայ Եկեղեցու բարերարներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հասարակական գործիչներ, կրթական, գիտական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ: 
 
Այս տարի Հայրապետական ամպհովանին թափորի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավերևում պահում էին սարկավագ-գնդերեցներ, ովքեր ամենօրյա հոգևոր ծառայություն են մատուցում և պատրաստ են սպառնացող վտանգի դեպքում պաշտպանել հայրենիքը:
 
Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամն ուղղեց համայն հայությանը` ամենքին փոխանցելով «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» հրեշտակաբարբառ ավետիսը` ստանալով հավատավորների պատասխանը՝ «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի», «Մեզ և Ձեզ մեծ ավետիս»։
 
«Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն:
 
«Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,
Ձեզ և մեզ մեծ աւետիս»:
 
Սիրելի բարեպաշտ հավատացյալներ,
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի հրաշազարդ այս օրը մեր հոգու հայացքները բեթղեհեմյան աստղալույսով ուղղվում են դեպի մսուրը, որտեղ Աստծո Միածին Որդին ծնվեց և աշխարհ եկավ մեր փրկության համար: Այսօր համախմբված եկեղեցիներում՝ օրհնաբանում ենք նորածին Փրկչին, փառավորում երկնավոր Արքային՝ ասելով. «Փառք հրաշափառ ծննդեան Քո, Տէր»:
Ի լրումն ժամանակի Քրիստոս մուտք գործեց աշխարհ: Փրկչի Սուրբ Ծնունդով մենք մեր հանդեպ աստվածային մեծագույն սիրո և խնամքի խորհուրդն ենք տեսնում: Փրկչի Ծննդյամբ Աստված մարմին զգեցավ, լինելով անսահման՝ կամավորապես հանձն առավ սահմանավորությունը, անչարչարելին խոնարհությամբ ստանձնեց չարչարանքներն ու խաչելությունը, որպեսզի մարդիկ արժանանան փրկության շնորհին, դառնան Աստծո որդեգիր զավակները և ժառանգեն երկնքի արքայությունը: Աստվածորդին մարդացավ, ապրեց ու գործեց մարդկանց մեջ` վկայելով, որ Աստված իրենց երկնավոր Հայրն է, Ով մարդկության հանդեպ Իր սերը, խնամքն ու հոգատարությունը արտահայտում է աներևակայելի զոհողությամբ, ինչպես հավաստում է Հիսուսի սիրելի աշակերտ Հովհաննեսը. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. Գ 16):
Սիրելիներ, Աստծուն հակառակ ընթացքները, սակայն, շարունակում են ալեկոծել մարդկության կյանքը, ծանրաբեռնել հոգսերով ու մտահոգություններով: Գիտական ու տեխնոլոգիական հսկայական առաջընթացով հանդերձ՝ մարդկությունը երերում է բարու և չարի, կյանքի և մահվան ընտրության առջև: Տնտեսական աննախընթաց զարգացումների մեր դարում միլիոնավոր մարդիկ տակավին գտնվում են սովի ու աղքատության մեջ: Մարդու իրավունքների պաշտպանության այս ժամանակաշրջանում խախտվում են ժողովուրդների և մարդկանց իրավունքները: Երկխոսությունների մեր օրերում բազում մարդիկ դառնում են զոհ անհանդուրժողականության, կրոնական ատելության, ահաբեկչության, ենթարկվում տարատեսակ բռնությունների: Հանուն խաղաղության պայքարի այս ժամանակներում բյուրավոր մարդիկ կյանքի գին են վճարում զենքի գործադրմանը և սպառազինության մրցավազքին: Հասարակությունների և ընտանիքների համար չարիք են դառնում թմրադեղերի տարածումը, ալկոհոլի չարաշահումը և այլ մոլուցքներ, որոնց տրվելով մարդիկ անկարող են դառնում սեփական կյանքը կազմակերպելու, իսկ ոմանք ծայրահեղ հուսահատության մեջ դիմում ինքնասպանության:
Աշխարհի խաղաղ ընթացքը խաթարող փորձությունները հուզում են նաև մեր երկրի ու աշխարհասփյուռ ժողովրդի կյանքը: Հայրենիքում մեր ժողովուրդը շրջափակման մեջ և անկայուն խաղաղության պայմաններում մաքառում է բարօրություն կերտելու և իր իրավունքները պաշտպանելու համար՝ իր զավակների կյանքի թանկ գնով ապահովելով մեր երկրի անվտանգությունը: Մեր ժողովրդի աննկուն կամքով ու նվիրումով արձանագրված ձեռքբերումներով հանդերձ մեր երկրի առջև տակավին ծառացած են գործազրկության, աղքատության խնդիրները, շարունակական ջանքեր են պահանջվում ամրապնդելու վստահությունը վաղվա օրվա հանդեպ, հավատը՝ արդարության նկատմամբ, հաղթահարելու սոցիալական, տնտեսական և հայրենական ու ազգային կյանքում առկա այլ մարտահրավերները:
Սիրելիներ, աղքատիկ մսուրում, նեղությունների մեջ ծնվեց մեր Տերը, որպեսզի մենք Նրան ապավինությամբ նեղություններն ու դժվարությունները հաղթահարենք: Մեծահարուստ մոգերից պատվվեց, որպեսզի ունևորներն իրենց ունեցվածքը բարի ու աստվածահաճո գործերի ծառայեցնեն: Հովիվներից երկրպագվեց, որպեսզի բոլոր մարդիկ պարզասրտությամբ Տիրոջ առաջ խոնարհվեն և Նրա բերած շնորհներին արժանի դառնան: Քրիստոսի մարդեղությամբ վկայված Աստծո մշտական հոգատարությունը մեր հանդեպ վայելում ենք, երբ մեր հավատքը կյանք է ու գործ, երբ Փրկչի Սուրբ Ծնունդը չի դառնում միայն պատմություն ու հիշատակություն, միայն տոնախմբություն կամ խրախճանք, այլ՝ ապրում, ներշնչանք, մեծագույն խորհուրդ: Այս ընկալումով Սուրբ Ծննդյան տոնակատարումը, մեր աղոթքներն ու հայցը շնորհների անսպառ աղբյուր են բացում մեր առջև, բերում բերկրանքը երկնավորների հետ առ Աստված փառաբանության, կյանքը լցնում աստվածային ներկայությամբ, ընտանիքները՝ երկնային սիրով ու շնորհներով, աշխարհն ու մարդկությունը՝ հրեշտակների ավետած խաղաղությամբ ու հաճությամբ:
Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Աստծո երկնառաք պարգևներով լեցուն այս օրը Հայրապետիս մաղթանքն ու պատգամն է, որ Քրիստոսի Ծննդյամբ սկսված նոր արարչության մեջ լինենք մեղքերից թոթափված նոր արարածներ: Մանուկ Հիսուսին ընդունելով մեր սրտերում՝ամուր պահենք մեր հավատքը, բարեպաշտ ընթացքը, որպեսզի միշտ կարողանանք վայելել Աստծո հոգածությունն ու անսահման սերը: Քրիստոսի պատվիրանների իմացությունն ու կատարումը, սրտի մաքրությունը, հոգու խոնարհությունը, եղբայրսիրությունն ու ողորմությունը այն կարևոր ընծաներն են, որոնք այսօր Աստված ուրախությամբ պիտի ընդունի մոգերի բերած ոսկու, կնդրուկի և զմուռսի փոխարեն՝ որպես հաճելի նվերներ մանուկ Հիսուսին: Այս ոգով ու հավատով է նաև, որ իրապես օգտակարություն կբերենք հայրենի մեր երկրին, կարիքի մեջ գտնվող մեր եղբայրներին ու քույրերին, կկարողանանք անվեհեր պաշտպանել հայրենիքի սահմանները, զորացնել Քրիստոսապաշտ մեր ժողովրդի միասնականությունը ու նպաստել ազգային մեր իղձերի իրականացմանը, մեր ժողովրդի արդար իրավունքների հաղթանակին:
Այս մաղթանքով Մեր ողջույնն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական Տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին, մեր Սուրբ Եկեղեցու հոգևոր դասին: Սուրբ Ծննդյան բերկրալի ավետիսով Մեր ողջույնն ենք բերում քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին: Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք և մեր բարեմաղթանքներն ենք բերում Սրբազան Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին, ՀՀ առաջին տիկնոջը, ողջույն ենք հղում Հայաստանի Հանրապետության Նախագահ տիար Սերժ Սարգսյանին և Արցախի Հանրապետության Նախագահ տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին: Հայրապետական Մեր սերը, օրհնությունն ու բարեմաղթանքները՝ համայն հավատավոր Մեր ժողովրդին:
Աղոթում ենք առ մեր Տերը Հիսուս Քրիստոս, որ Իր հրաշափառ Ծննդյան շնորհները սփռվեն ողջ աշխարհում, ժողովուրդներն ընթանան խաղաղության ու համերաշխության Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն պատգամի համաձայն, և անվրդով խաղաղություն տիրի մեր հայրենիքում, շինություն, բարօրություն՝ աշխարհասփյուռ ազգիս կյանքում: Թող մեր հայրենանվեր ու ազգանվեր գործերի բարի արդյունքներով հզորանա մեր հայրենիքը, պայծառ մնա մեր Սուրբ Եկեղեցին, և մենք արժանի լինենք Տիրոջ կողմից մեզ տրված փրկության ու հավիտենական կյանքի պարգևին՝ այսօր և միշտ և հավիտյանս. ամեն:
 
Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,
Ձեզ և մեզ մեծ աւետիս»,-նշեց կաթողիկոսն իր պատգամում:
 
Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսը կատարեց նաև Ջրօրհնեքի արարողություն: Այս տարի Մայր Տաճարում Ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
 
Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը Եկեղեցին տոնում է միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Օրն անփոփոխ ու անխախտ նշվում է առաքելական ժամանակներից: Քրիստոսի ծննդյան ժամանակաշրջանում Իսրայելը գտնվում էր Հռոմեական կայսրության իշխանության տակ: Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում սկսվում է մարդահամար: Յուրաքանչյուր ոք պետք է գնար իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփը Ս. Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ եկավ, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չգտնվեց: Նրանք ստիպված մի քարայրում տեղավորվեցին: Այդ ժամանակ էր, որ Ս.Կույսի հղության օրերը լրացան, և Հիսուս ծնվեց մսուրում: Աստծո որդին` աշխարհի Արարիչն ու Փրկիչը ծնվեց մի անփառունակ քարայրում` աղքատության մեջ, որը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է: Ս. Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, ում հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի ծննդյան մասին` երգելով. «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ` հաճություն»: (Ղուկ. 2:14): Այնուհետև արևելքից մոգեր եկան, ում մի աստղ էր առաջնորդել: Նրանք երկրպագեցին Մանուկին, ընծաներ մատուցեցին ու գնացին իրենց երկրները: Ընծաներն իրենց հոգևոր խորհուրդն ունեին՝ ոսկին թագավորներինեն մատուցում, ինչը խորհրդանշում է Հիսուսի երկնային թագավորությունը: Կնդրուկը խունկի ամենաանուշահոտ տեսակն է, որի նվիրելը խորհրդանշում է Հիսուսի քահանայապետ լինելը: Զմուռսը անուշահոտ նյութ է, որով պատում են մահացածներին և խորհրդանշում է Հիսուսի մահը: Ուղիղ 30 տարի անց, երբ հրեական օրենքով տղամարդն իրավուքն էր ստանում հասարակական գործունեություն ծավալելու, Քրիստոս եկավ Հորդանան գետ` Ս. Հովհաննես Մկրտչի կողմից մկրտվելու: Ս. Հովհաննեսն իր քարոզներում մարդկանց մշտապես ասում էր, թե ինքը ջրով է մկրտում, սակայն շուտով գալու է Նա, ով հրով ու Ոգով է մկրտելու: Մկրտությանժամանակ էր, որ Հայր Աստված վկայեց, թե` «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ հոգին աղավնակերպ իջավ Քրիստոսի վրա: Մկրտության ժամանակ տեղի ունեցավ Քրիստոսի երկրորդ Աստվածահայտնությունը: Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է տոնական Ս.Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն են իջեցնում և օրհնում, ինչպես Հիսուս օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան սրբալույս Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն`ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես օրհնություն: Ս. Ծննդյան տոնից հետո քահանաներն այցելում են հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը՝ կատարելով Տնօրհնեքի արարողություն: