Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը տոնական օրերին հանրապետությունից չի բացակայել: Այս մասին  ասաց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

«ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տոնական օրերին եղել է Հայաստանում: Որոշ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե ՀՀ Նախագահն այդ օրերին եղել է Մոսկվայում և Եվրոպայում, իրականությանը չի համապատասխանում»,- հայտնեց Հակոբյանը:

 

Անդրադառնալով Սուրբ ծննդյան պատարագին Սերժ Սարգսյանի ներկա չլինելու և «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխվելու մասին հրապարակումներին՝ ՀՀ Նախագահի մամուլի խոսնակը ևս մեկ անգամ ասաց, որ դա ապատեղեկատվություն է. «Նախագահի մոտ եղել է թեթև մրսածություն, այդ ընթացքում նա գտնվել է տանը»,- նշեց Վլադիմիր Հակոբյանը՝ հավելելով, որ նախօրեին այդ մասին համապատասխան պարզաբանումն արդեն տվել է:

Հայկական մի շարք լրատվամիջոցները հրապարակումներ էին կատարել այն մասին, թե ՀՀ Նախագահ Սարգսյանը հունվարի 3-ին եղել է Մոսկվայում, իսկ դրանից առաջ՝ հունվարի 1-2-ը՝ եվրոպական երկրներից մեկում: