ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի նախագահությամբ այսօր ՏԿԶՆ-ում տեղի է ունեցել Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի աշխատանքային խորհրդակցություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը և «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Սուրեն Օհանյանը:
Քննարկվել են Ջերմուկ քաղաքի զարգացման 2018 թվականի ծրագիրը, մասնավորապես՝ ներդրումային նոր ծրագրերի ձևավորման և ֆինանսական միջոցների ներգրավմանհարցերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պետություն-մասնավոր հատված համագործակցությանը վերաբերող խնդիրներին:
Առաջարկվել է բացի արդեն սահմանված ծրագրերից, իրականացնել Ջերմուկ քաղաքի զբոսայգու բարեկարգումը: Հստակեցվել է, որ զբոսայգու լանդշաֆտային դիզայնը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին:
Խորհրդակցության ավարտին յուրաքանչյուր ծրագրի համար սահմանվել է հստակ ժամանակացույց: