Երեւանի կենդանաբանական այգում բնակվող միակ փիղը` տասնամյա Բունկան առաջիկայում զուգընկեր կունենա:
«Բունկա փղիկի համար ներկայումս գերխնդիր է միայնությունը: Քանի որ փղերը համարվում են շատ ինտելեկտուալ կենդանիներ, նրանց բարեկեցության համար շատ կարևոր է շփումն այլ կենդանիների հետ: Կենդանաբանական այգին իր առաջիկա ծրագրերում նախատեսում է փղերի համար կառուցել ավելի մեծ ազատավանդակ, իսկ Բունկայի համար ձեռք բերել զուգընկեր »,- նշեցին Երեւանի կենդանաբանական այգուց՝ հավելելով, որ բավարար միջոցներ չգտնելու դեպքում փիղն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի այնպիսի կենդանաբանական այգի, որտեղ հնարավոր կլինի ապահովել նրա բարեկեցությունը:
Բունկան բերվել է Թբիլիսիի կենդանաբանական այգուց, իսկ նախորդ փիղը` Հրանտը, որպես փոխանակում, զուգընկերուհու` Մալկայի հետ Թբիլիսիի կենդանաբանական այգում է: Բունկան բուսակեր է, շատ է սիրում խնձոր ու վարսակի շիլա: Խելացի ու հնազանդ է: Հստակ գիտի սննդակարգը:
Գերմանիայից հրավիրված մասնագետների կողմից փղի ու նրան խնամողի հետ անցկացված վերապատրաստումների արդյունքում խնամակալները մշակում, կտրում են նրա եղունգները: Վերոնշյալ ընթացակարգը շատ կարևոր է, քանի որ փղերը շատ են քայլում, արդյունքում մաշվում են թաթերը:
Փղիկի առօրյան բավականին հագեցած է. սնվում է օրական 3 անգամ, սիրում է լողանալ (ամռանն օրական 2 անգամ): Այժմ, եղանակով պայմանավորված, հազվադեպ է դուրս գալիս ազատավանդակի փակ հատվածից:
Բունկայի մասին ամենահետաքրքիր փաստերից մեկն էլ այն է, որ փիղը հարմոն է նվագում. խնամողը մեկնում է գործիքը, նա` փչում: