Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հունվարի 16-ին քննարկելու է Սիրիայում քրդական ուժերի հետ պաշտպանական զորք ստեղծելու՝ ԱՄՆ իշխանությունների մտադրությունը:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին Վանկուվերում հայտարարել է Չավուշօղլուն:

 

«Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները հայտնի, թե ինչ դիրքորոշում ունի՝ նախընտրում է դաշնակիցների՞ն, թե՞ ահաբեկչական կազմակերպությունը: Եթե ԱՄՆ դիրքորոշումը կանգ է առնում ահաբեկչական խմբավորման վրա, ապա ըստ դրա մեր դիրքորոշումն էլ այլ կլինի: Ով ուզում է լինի ահաբեկչական խմբավորումների թիկունքում՝ ԱՄՆ-ն կամ մեկ այլ երկիր, մենք մեր քայլերը ձեռնարկելու ենք»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Չավուշօղլուն հավելել է, որ իրենք չեն կարող վստահել Թուրքիայի թշնամի համարվող ահաբեկչական խմբավորման հետ համագործակցող և աջակցող երկրներին:

«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան մտադիր է Սիրիայում ստեղծել սահմանների անվտանգության ուժեր՝ համագործակցելով «Սիրիական դեմոկրատական ուժերի» հետ: Կոալիցիայի մամուլի խոսնակ Թոմաս Վիլը հայտնել է, թե ակնկալվում է, որ ուժերի կազմում ներգրավված է լինելու շուրջ 30 հազար մարդ: Նրանք տեղակայվելու են Թուրքիայի և Իրանի սահմանի երկայնքով:

Այս որոշումը խիստ բացասաբար է ընդունվել պաշտոնական Անկարայի կողմից: Խնդրի առնչությամբ հայտարարությամբ են հանդես եկել Թուրքիայի ԱԳՆ-ն, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը և այլ պաշտոնատար անձինք:

«Սիրիական դեմոկրատական ուժերն» ընդդիմադիր դաշինք է, որի կազմում ներառված են մեծապես քրդեր, ինչպես նաև արաբներ և այլ էթնիկ ներկայացուցիչներ: Այն կազմավորվել է 2015 թվականի հոկտեմբերին՝ ԻՊ դեմ պայքարելու նպատակով: