Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում ՀՀ վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք յուրաքանչյուր հարց քննարկում ենք ժամանակին: Վարչապետի հարցը մենք կքննարկենք մինչև ապրիլ կամ ապրիլի սկզբին, որովհետև դա է պահանջում մեր օրենսդրությունը»,- նշեց Շարմազանովը:
Նա մանրամասնեց, որ մինչև ապրիլ Հայաստանի խորհրդարանը պետք է ընտրի ՀՀ նախագահին, Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին, դատական օրենսգրքում պետք է իրականացնի լուրջ փոփոխություններ: «Մեզ սպասվում է ահռելի օրենսդրական աշխատանք, որպեսզի կարողանանք սահուն անցում ապահովել դեպի կառավարման խորհրդարանական համակարգ, իսկ արդեն ապրիլի առաջին կեսին կընտրենք Հայաստանի Հանրապետության նոր վարչապետին»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը: