ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկայացրեց Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված, Հանրապետության նախագահի թեկնածուի անունը:
ՀՀ 4-րդ նախագահը Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն է:
«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ չորրորդ նախագահի` հանրապետականի թեկնածուին, նշեց, որ Սարգսյանի անունն առաջին անգամ չէ, որ շրջանառվում է ՀՀ քաղաքական երկնակամարում, ինչը վկայում է այն մասին, որ նախագահի թեկնածուի ընտրության հարցում իշխանությունների թեկնածուների շրջանակը շատ նեղ է եղել.
«Ինչ վերաբերում է դեսպան Արմեն Սարգսյանին, ապա պետք է ասեմ, որ նա մշտապես աշխատել է ներկայացնել Հայաստանը ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ առումներով: Քանի որ Հայաստանի նոր Սահմանադրության պահանջով նախագահն այսուհետ պետք է ունենա նոր՝ ներկայացուցչական շատ լայն գործառույթ, ուստի՝ պետք է ասենք, որ այս առումով Սարգսյանը շատ հարմար թեկնածու է: Ակնհայտ է, որ Հայաստանի չորրորդ նախագահը չի լինի ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի նման: Կունենա՞ այլ ամբիցիաներ Արմեն Սարգսյանը, որպես ՀՀ նախագահ՝ չեմ կարող ասել. կապրե՛նք, կտեսնե՛նք»:
Հարցին՝ արդյոք Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնում կարո՞ղ է լուրջ առաջընթաց ապահովել Արցախյան հակամարտության հարցում, քաղաքագետը պատասխանեց. «Քանի որ հակամարտության կարգավորում ես չեմ տեսնում, ուստի չեմ կարող խոսել նախագահի դերակատարման մասին: Այս պահին, փաստացի, Ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլ չի կատարվում»: