«Կրակովում կայացած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը որևէ առաջընթաց չգրանցեց՝ ինչպես և սպասելի էր: Մինսկի խումբը ոչ թե գնում է Արցախյան համակարտության կարգավորման, այլ զբաղվում է պարզապես Արցախյան հարցի մենջմենթով, որպեսզի ընդհանուր առմամբ այս հարցում էսկալացիա չլինի»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Վերջինիս խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները պարզապես բանակցային գործընթացի մասն են կազմում, որն ունի ընդամենը մեկ միտում. «Արվում է ամեն բան, որպեսզի հակամարտությունը ոչ թե լուծվի, այլ ՝որ էսկալացիա չարձանագրվի ընդամենը»:

 

Իսկանդարյանի խոսքով՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ առաջիկայում լուրջ քայլեր չարժե ակնկալել: «Արցախյան հակամարտությունն այն փուլում չէ, որ նման փոփոխություններ հնարավոր լինեն: Հայկական և ադրբեջանական կողմերը շատ հեռու են միմյանցից: Կարծում եմ՝ մոտակա տարիներին վիճակը կմնա անփոփոխ: Ադրբեջանը կարգավորման ոլորտում ակտիվացման փոխարեն՝ կակտիվանա սահմանային գործողություններում»,- տեսակետ հայտնեց բանախոսը:

Ինչ վերաբերում է այս տարի Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին՝ քաղաքագետը շեշտեց, որ այս անգամ ևս անակնկալներ չեն գրանցվի. «Արդյունքները կարելի է նախօրոք գուշակել, եթե, իհարկե, չնախատեսված բաներ տեղի չունենան»: