Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ներկայացրել է մի քանի դիտարկում՝ կապված ՄԱԿ ԱԽ-ում Արցախի հարցի քննարկման արդյունքների հետ։
«-ԼՂ հարցը կրկին միջազգայնացվեց: Ադրբեջանը հավանաբար հույս ուներ, որ Արցախը մեկ–երկու օրվա շրջափակումից հետո կգնա զիջումների, բայց դա տեղի չունեցավ: Կարևոր էր նաև, որ շատերը շեշտեցին, որ ռազմական ճանապարհով հարցերի լուծումն անընդունելի է: ՀՀ ԱԳՆ–ն էլ ճիշտ գործընթաց նախաձեռնեց՝ հաշվի առնելով հումանիտար աղետի վտանգը:
-Մի քանի երկրներ՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Նորվեգիա, Իռլանդիա հստակ հասցեական կոչեր հնչեցրեցին: Իռլանդիան նաև խոսեց ԼՂ կարգավիճակի ու ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի ներքո բանակցությունների մասին, ինչը շատ լավ շեշտադրում էր:
-Երկրների մեծ մասը ավելի շատ երկկողմանի կոչեր էին հնչեցնում, բայց աներկբա նշում, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի:
-Ռուսաստանը ինչպես միշտ իրեն սխալ պահեց: Սա այն բացառիկ դեպքերից էր, որ ՌԴ-ն ներկայանում է միջազգային հարթակում ոչ թե բացասական, այլ դրական լույսի ներքո: Խոսվում էր ՌԴ դերի մասին հրադադարի հաստատման և խաղաղապահների կարևորության մասին: Բայց ՌԴ–ի ավանդական վախը, որ կարող է հարցի միջազգայնացումը հանգեցնել իրենց դիրքերի թուլացմանը, խանգարեց նրանց օգտվել այս հնարավորությունից: Ուստի անգամ կեղծում էին, թե մասնակի բաց է միջանցքը՝ չասելով, որ բեռները գնում են իրենց խաղաղապահներին և ոչ թե խաղաղ քաղաքացիական բնակչությանը: Այսօր միակ ելումուտը ունի Կարմիր Խաչը, որը ծայրահեղ ծանր հիվանդներ է տեղափոխում՝ փորձելով փրկել նրանց կյանքը: Այլ ելումուտ չկա Արցախ, որն ուղղված կլինի այն ապրող հայերին օգնելուն:
-Մեր ներկայացուցչի ելույթը լավ շեշտադրումներ ուներ, լավ էր, որ խոսեց նաև Ադրբեջանի՝ բռնապետական երկիր լինելու մասին: Ես շատ կուզեի, որ ԱԳՆ–ն բոլորին ցուցումներ տար, թե ինչ խոսել, ինչ չխոսել, այլ ոչ թե ՀՀ–ում ամեն մի պաշտոնյա խելքի փչածն ասեր: Եթե հարցով բացառապես ԱԳՆ–ն զբաղվեր և ոչ թե այսպես կոչված ԱԽ քարտուղարն ու ՀՀ–ն «օկուպանտ» համարող պատգամավորները, մենք շատ ավելի լավ իրավիճակ կունենայինք: Այս չհամակարգված վիճակը մեզ շատ է խանգարում և օգտագործվում է Ադրբեջանի կողմից մեր դեմ:
-Ադրբեջանը հասկացավ, որ ԼՂ–ն չի վերացել, հարցը չի լուծվել, ավելին՝ եթե ՀՀ–ն երկու տարի խելացի գործեր, այսօր իրենք չէին համարձակվի Լաչինի միջանցք փակել: Ռուբեն Վարդանյանի անունը այս նիստի ժամանակ հնչեցնելը ենթադրելի էր, քանի որ իրենց ամբողջ քարոզչադաշտը այն մասին է, որ Վարդանյանը պետք է դուրս գա Արցախից: Ուղղակի ակնհայտ է, որ բոլոր այն մարդիկ, որոնք չհանձնվելու, դիմադրելու, պարտության հետ չհաշտվելու կոչ են անում և աշխատում այդ ուղղությամբ Ադրբեջանի համար վտանգավոր են: Իրենց նպատակը հայ ժողովրդին հոգեբանորեն այնպես կոտրելն է, որ որևէ մեկը պայքարի ու դիմադրության իմաստ չտեսնի ոչ ՀՀ–ում, ոչ Արցախում:
Կբացվի՞ ճանապարհը այս քննարկումից հետո: Այս պահի դրությամբ ես այդ միտումը չեմ տեսնում: Միգուցե Ադրբեջանը հաշվարկել է, որ առաջիկայում տոներ են Եվրոպայում և ԱՄՆ–ում, ուստի շատերն անարձագանք կթողնեն Արցախից ու ՀՀ–ից եկող կոչերը: Կարևորը՝ շարունակենք աշխատել ու չհանձնվել, մենք հանձնելու ընտրություն չունենք»,-Տելեգրամի իր ալիքում գրել է նա։