ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն առանց Արցախի ժողովրդի մասնակցության անթույլատրելի են համարում Արցախի հարցի լուծումը կամ կանխորոշումը:
ԱԺ ճեպազրույցում այս մասին հայտնեց խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Մենք ասել ենք, որ մեզ համար խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախավերջին հայտարարության մեջ ընդհանրապես անդրադարձ չկար Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածություններին: Մեզ համար խնդրի կարգավորումը դիտարկվում է այս համամասնության մեջ: Եվ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ևս մեկ անգամ վերահաստատում ենք այն հանգամանքը, որ առանց Արցախի ժողովրդի մասնակցության Արցախի հետ կապված որևէ հարցի լուծում կամ կանխորոշում մեզ համար անթույլատրելի է»,- ասաց Տոնոյանը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` օրեր առաջ կայացած հանդիպմանը՝ պատգամավորը նշեց, որ, իր կարծիքով, այս հանդիպման ձևաչափում կարգավորման Մադրիդյան երեք սկզբունքների և 6 տարրերի հարցը չի քննարկվել: Սակայն նա նշեց, որ առաջին հանդիպման ընթացքում գուցե տրամաբանական էր, որ այդ փաթեթով, այդ ծավալով չի քննարկվել:
Վիեննայում անցկացված Փաշինյան-Ալիև հանդիպումն առաջինն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մինչ այդ կայացել է երեք ոչ պաշտոնական հանդիպում: 2018 թ. Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել: Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում: 2019 թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկուկես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։