Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացն առաջխաղացում չի կարող ունենալ առանց Արցախի Հանրապետության մասնակցության:
Հունվարի 25-ին հրավիրված մամուլի ասուլիս ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց Արևելագիտության ինստիտուտիտնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Ես առանձնապես սպասումներ չունեմ, որ 2019 թ. Արցախյան հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացը կստանա ինչ-որ նոր զարգացում: Չեմ կարծում, որ դրա համար կան նախադրյալներ: Բանակցային գործընթացը կարող է իրական դառնալ միայն այն դեպքում, երբ որպես բանակցային գործընթացի հիմնական մասնակից դառնա Արցախի Հանրապետությունը, սա հուշում է նմանատիպ հակամարտությունների կարգավորման ամբողջ մարդկային պատմության փորձը: Այնպես որ, չեմ կարծում, թե կտեսնենք իրական զարգացումներ Արցախի հիմնահարցում»,- ասաց Սաֆրաստյանը:
Արևելագետը նաև նշեց, որ այս հարցի կարգավորման համար ամենակարևոր նախադրյալներից մեկի բացակայությունը նաև այն է, որ Ադրբեջանը չի փոխում իր մոտեցումն ու քաղաքականությունը: