Ռուսական «Վզգլյադ»-ին տված հարցազրույցում Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ասել է, որ առանց Ղարաբաղի լիարժեք մասնակցության ցանկացած պլան կամ առաջարկ դատապարտված է ձախողման:

 

«ԼՂՀ ճանաչումն այլընտրանք չունի, քանի որ միջազգային հանրությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ընդունում է ղարաբաղցիների պահանջը, և ազգերի ինքնոնորշման միջազգային իրավունքի հիման վրա պետք է որոշվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը, այն է՝ անկախ հանրապետություն»,-նշել է նա:

 

«Մենք, իհարկե, կողմ ենք Հայաստանի Հանրապետության կողմից Ղարաբաղի ճանաչմանը, սակայն միաժամանակ հասկանում ենք, որ առկա են որոշ ազդող գործոններ՝ այդ թվում բանակցային գործընթացով պայմանավորված, որոնց հետ պետք է հաշվի նստել: Լավագույն տարբերակն այն է, որ Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման շրջանակներում լուծվեր ԼՂՀ միջազգային ճանաչման հարցը, բայց, հաշվի առնելով Բաքվի ակնհայտ ապակառուցողական, հայատյաց ու ռազմատենչ քաղաքականությունը, այժմ ճանաչման գործընթացը չպետք է պայմանավորել բացառապես հիմնախնդրի լուծման բանակցություններով, քանի որ ճանաչումն ինքնին խթանելու է կարգավորումը և անվտանգության լրացուցիչ երաշխիքներ է ապահովելու ԼՂՀ-ի համար:

 

ՀՀ իշխանությունների ուղերձն այդ առումով հստակ է, որ եթե Ադրբեջանը հրաժարվի բանակցային գործընթացից եւ կրկին փորձի խնդիրը լուծել ռազմական ագրեսիայի միջոցով, ապա Երեւանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը: Ինչ վերաբերում է ճանաչումից հետո մեր հետագա քայլերին ՀՀ-ին միանալու մասով, դա այդ ժամանակ կվճռվի մեր ժողովրդի կողմից, համոզված եմ՝ անկախ արտաքին հանգամանքներից»,- ասել է Հարությունյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչմանը:

«Մենք պահանջում ենք բանակցային գործընթացում ԼՂՀ լիարժեք մասնակցության ֆորմատի վերականգնում, որին դեմ է Ադրբեջանը եւ նրա կողմից այս հարցում ոչ կառուցողական մոտեցումն անընդհատ ձգձգում է ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը: Առանց ղարաբաղյան կողմի անմիջական եւ ամբողջական մասնակցության չի կարող որեւէ հաջողություն գրանցվել, քանի որ այնտեղ հենց Ղարաբաղի հարցն է լուծվում, եւ Ղարաբաղի բնակչությունն էլ պետք է համաձայնություն տա հիմնախնդրի կարգավորման վերջնական տարբերակին:

 

Փաստացի, Հայաստանի Հանրապետությունն ուղիղ եւ հավասար հարաբերություններ ունի պաշտոնական Ստեփանակերտի հետ, որոնք բնորոշ են միջազգային իրավունքի երկու սուբյեկտների: Բացի դրանից, Երեւանը նաեւ չի ճանաչել Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի տարածք»,-ընդգծել է ԼՂՀ վարչապետ:

 

«Քանի դեռ ղարաբաղյան կողմը չի մասնակցում բանակցային գործընթացին՝ որպես լիարժեք կողմ, ցանկացած պլան կամ առաջարկ, ինչպես արդեն նշեցի, դատապարտված է ձախողման: Մեզ հետ որեւէ պլան չի քննարկվել և, դրանից ելնելով, սխալ կլինի որևէ ենթադրություն կամ եզրակացություն անելը: Խոսքը հավասարապես վերաբերում է նաև տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայմանը:

 

Այսօր Ղարաբաղի բնակչության անվտանգության իրական եւ միակ երաշխավորը Ղարաբաղի պաշտպանության բանակն է, որն ապահովում է նրա խաղաղ կենսագործունեությունը և զսպում Ադրբեջանի ռազմատենչ ագրեսիան», -ասել է Արա Հարությունյանը՝ դիտարկմանը, թե ըստ ոչ պաշտոնական հաղորդագրությունների՝ այսպես կոչված «Լավրովի պլանը» ենթադրում է ձերբազատել Հայաստանը տնտեսական բլոկադայից և Ղարաբաղ մտցնել խաղաղապահ զորքեր՝ փոխարենը ադրբեջանական 5 շրջանների վերադաձնելու պայմանով: