Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ տարածաշրջանի կարևորագույն հարցերից մեկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ադրբեջանի կողմից որպես արտաքին քաղաքականության հիմնական ռազմավարություն ընտրված ռազմատենչ հռետորաբանությունը և ագրեսիվ գործողությունները խաթարում են անվտանգության և կայունության հիմքերը ոչ միայն տարածաշրջանում, այլ ամբողջ մայրցամաքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Շարմազանովը:
Նա հավելել է, որ Հայաստանը կողմ է հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ քաղաքական միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես, ուժի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա»,- ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Նա շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակամարտություն չէ, ինչպես Ադրբեջանը փորձում է ներկայացնել, այլ Լեռնային Ղարաբաղի, Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հարցն է: Հակամարտության լուծումն առանց այդ իրավունքի լիարժեք իրացման անհնար է»,- նշել է Շարմազանովը: