ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 26-ին հանդիպել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների՝ ապագա քաղաքագետների 7 դիվանագետների հետ:

 

Ավելի քան երկու ժամ ընթացած ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում ԱԺ փոխնախագահը պատասխանել է ուսանողների բազմաբնույթ հարցերին, որոնք առավելապես վերա բերել են ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության առանցքային հարցերին, սոցիալ-տնտեսական իրավիճակին և զարգացման միտումներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին և 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից սպասելիքներին և այլն:

 

Ուսանողներին հետաքրքրող հարցերից է եղել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, որին ի պատասխան պարոն Շարմազանովը նշել է, որ Հայաստանը խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ կարգավորմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափով: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի:

 

Ի պատասխան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների վերաբերյալ հարցի՝ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ ոգեկոչման միջոցառումներ են կազմակերպվելու և մեր երկրում, և նրա սահմաններից դուրս:

 

Մասնավորապես, Հայոց ցեղասպանությանը նվիրված լուսանկարների ցուցադրություններ են կազմակերպվելու Կիպրոսի, Հունաստանի և Չեխիայի խորհրդարաններում: Նրա գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և ժխտողականության դեմ պայքարը շարունակելու է մնալ երկրի արտաքին քաղաքական կարևորագույն հարցերից մեկը, ինչը նպատակ ունի ոչ միայն վե րականգնել պատմական ճշմարտությունը, այլև կանխել հնարավոր նման ոճրագործությունները:

 

ԱԺ փոխնախագահն ուսանողների խնդրանքով խոսել է նաև Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացից և Հայաստանի տնտեսության վրա դրա հնարավոր ազդեցությունից: Այս համատեքստում նա նշել է այն դրական միտումները, որոնք արդեն իսկ նկատելի են՝ գազի սակագնի պահպանում, ադամանդագործության զարգացում, արտահանման ծավալների մեծացում, շուրջ 170 միլինոնանոց շուկայի հնարավորություն: