Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա առիթով:
«Դեկտեմբերի 10-ը Արցախի Հանրապետությունում նշվում է որպես մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի և Սահմանադրության օր: 1991 թ. հենց այս օրը Արցախում անցկացվեց անկախության հանրաքվե՝ ի շարունակություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհուրդների 1991 թ. սեպտեմբերի 2-ի Հռչակագրի: Հանրաքվեի արդյունքում, որը կայացավ միջազգային իրավունքի նորմերին և այդ ժամանակաշրջանում գործող ԽՍՀՄ ազգային օրենսդրությանը համապատասխան, Արցախի ժողովուրդը հավանություն տվեց անկախ, ինքնիշխան պետություն ստեղծելու որոշմանը:
1991 թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեն տրամաբանական շարունակությունն էր Արցախի ժողովրդի հետևողական ջանքերի, որը ձգտում էր ղարաբաղյան հիմնախնդիրը վերադարձնել քաղաքական և իրավական հարթություն, կանխել վերահաս պատերազմը և պայմաններ ստեղծել բացառապես խաղաղ ճանապարհով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար' միջազգային իրավունքի նորմերի, արդարության սկզբունքների ու փոխադարձ հարգանքի և ժողովուրդների իրավահավասարության հիման վրա:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին 1991 թ. սեպտեմբերի 2-ի Հռչակագիրը, ինչպես նաև 1991 թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն ծառայում են որպես Արցախի պետականության իրավական հիմք, որը Արցախի ժողովրդի կամարտահայտության բարձրագույն դրսևորումն է:
Արցախի անկախության հանրաքվեի արդյունքները չճանաչելը փաստորեն ստեղծեց պայմաններ, որոնց դեպքում Ադրբեջանն իրեն իրավունք վերապահեց հակամարտությունը լուծել ուժի կիրառման միջոցով և երեք անգամ՝ 1991, 2016 և 2020 թվականներին, ագրեսիա սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ:
Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը, որն իրացվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անկյունաքարն է»: