ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն անընդունելի է համարում առանց Արցախի ժողովրդի մասնակցության՝ Արցախի հետ կապված ցանկացած հարցի որոշում:
Այս մասին ԱԺ-ում կայացած ճեպազրույցում ասաց խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«ԲՀԿ-ի դիրքորոշումն այն է, որ Արցախի ճակատագրի հետ կապված որևէ հարց չի կարող որոշվել առանց Արցախի, Արցախի ժողովրդի մասնակցության: Մնացած քաղաքական գործընթացներին մենք կանդրադառնանք»,-ասաց Տոնոյանը:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման վերաբերյալ հայտարարությանը՝ Տոնոյանը նշեց, որ հայտարարության մեջ շատ մտահոգիչ կետեր են տեսնում:
Նույն խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ևս նշեց՝ համանախագահների հայտարարության որոշ կետեր չէին կարող մտահոգիչ չլինել: «Սակայն մենք դա պետք է դիտարկենք ՀՀ արտաքին գործերի նախարարության արձագանքի կոնտեքստում: Բոլորս էլ գիտենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի քաղաքական էլիտան շեշտադրել է ուժի գործադրման գործոնը: Դա մեզ համար անընդունելի է»,-նշեց պատգամավորը: