Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և ծանոթացել զինծառայության ընթացքում ողնաշարի և գանգուղեղային վնասվածքներ ստացած զինծառայողների վերականգնողական կենտրոնի շինարարական աշխատանքներին:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» ՀԿ-ի նախաձեռնությամբ Երևանում հիմնվող կենտրոնի կառուցումն իրականացվում է  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ Ազգային ժողովի, Երևանի քաղաքապետարանի և բազմաթիվ անհատ բարերարների աջակցությամբ:

 

Երևանի քաղաքապետն ու պաշտպանության նախարարը շրջել են կենտրոնի տարածքում, ծանոթացել շինարարության ընթացքին, ստեղծվելիք պայմաններին, ինչպես նաև նախագծով առաջարկվող ծառայություններին: Նշվել է, որ շենքի ամբողջական ամրացումից հետո այժմ ընթանում են ներքին հարդարման ու կահավորման աշխատանքները: Վերականգնողական կենտրոնը հագեցած է լինելու գերժամանակակից վերականգնողական սարքերով և իր հնարավորություններով լինելու է տարածաշրջանում միակը:

Վերականգնողական կենտրոնը բաղկացած է լինելու չորս հարկից. 1-ին հարկում տեղակայված են լինելու ջրային միջամտությունների համար նախատեսված ծառայությունները, լողավազանները և մարզասարքերը, 2-րդում կլինեն մասնագետների, ուսումնական սենյակները, ինպես նաև կինեզիսի սրահը, իսկ 3-րդ և 4-րդ հարկերում էլ կտեղակայվեն հիվանդասենյակները՝ նախատեսված 37 անձի համար:

Շրջայցի ավարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը համապատասխան աջակցություն կցուցաբերի նաև վերականգնողական կենտրոնի բակային տարածքի բարեկարգման և կահավորման  հարցում: