Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավանդույթի համաձայն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ այցելել է մայրաքաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամաս, հանդիպել ժամկետային զինծառայողներին: Քաղաքապետի հետ միասին զորամաս են այցելել նաև ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը և
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչներ:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գալիք տոների առթիվ շնորհավորելով զինծառայողներին և սպայական կազմին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլորին մաղթել է բարի ծառայություն ու մեկ անգամ ևս վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է լինել զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին: Բարձր գնահատելով հայ զինվորի անչափ կարևոր ու պատասխանատու առաքելությունը' քաղաքապետը շնորհակալություն է հայտնել բոլոր զինվորներին և սպաներին' անձնվեր ծառայության համար:
«Սիրելի զինվորներ և սպաներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ գալիք տոների առթիվ և մաղթում եմ բարի ծառայություն: Թող 2018 թվականը նախ և առաջ լինի խաղաղության տարի: Վստահ եղեք, որ հայրենիքը, հարազատ քաղաքը եղել ուշարունակելու է լինել բանակի, մեր զինվորների ու նրանց ընտանիքների կողքին և մենք անելու ենք ամեն ինչ՝ բանակ-հասարակություն կապի շարունակական ամրապնդման ուղղությամբ», - նշել է Տարոն Մարգարյանը:
ՀՀ ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը շնորհակալություն հայտնելով ցուցաբերվող մշտական ուշադրության և հետևողականության համար, ընդգծել է, որ նման վերաբերմունքն իսկապես ոգևորիչ է ու կարևոր:
Նախատոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետի կողմից զորմասին նվիրվել են հեռուստացույցներ, համակարգիչներ, զինվորներին էլ՝ ամանորյա նվերներ: