Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասի հրամանատար Կարեն Առստամյանի և Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանի ուղեկցությամբ, Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ միասին այցելել է մարտական դիրքերից մեկը, ծանոթացել հերթապահող զինվորների կենցաղային պայմաններին:
Բարձր գնահատելով հայ զինվորի անչափ կարևոր և պատասխանատու առաքելությունը' Տարոն Մարգարյանը նախ և առաջ շնորհակալություն է հայտնել բոլոր զինվորներին՝ ընդգծելով, որ հատկապես սահմանային գոտում ծառայող զինվորների խիզախության շնորհիվ է, որ պահպանվում է խաղաղությունն ու հնարավորություն է ընձեռվում արարելու և ապահովելու աստիճանական զարգացումը նաև քաղաքամայր Երևանում:
Քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել հրամանատարներին՝ հայրենիքի արժանի պաշտպաններ դաստիարակելու համար: Հրաժեշտից առաջ Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին է ու իր լիազորությունների շրջանակում աջակցել և աջակցելու է նրանց: