Հայաստան վերադարձված գերիներից մեկը օրեր առաջ մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում հայտնված Արցախի բնակիչն է, մյուսը՝ նոյեմբերի 16-ին մարտական դիրքում վիրավորված և գերեվարված զինծառայող: Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Այսօր ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել երեք օր առաջ մոլորվելու հետևանքով ադրբեջանական կողմում հայտնված՝ Արցախի Հանրապետության քաղաքացի Միհրան Մուսայելյանը և ՀՀ ԶՈւ զինծառայող, նոյեմբերի 16-ին մարտական դիրքում վիրավորված Արեն Արամյանը։ Կուզեի շնորհակալություն հայտնել ռուսական կողմին այս արդյունավետ միջնորդական առաքելության համար՝ հույս հայտնելով, որ նրանց շարունակական ջանքերի շնորհիվ կհաջողվի կարճ ժամկետում հայրենիք վերադարձնել ադրբեջանական գերության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցներին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հարությունյանը: