Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ռուսական կողմի աջակցությամբ Ադրբեջանից Հայաստան տեղափոխված 44 հայ գերիների թվում է նաև 2019 թ․ օգոստոսի 12-ին գերեվարված՝ 2000 թվականին ծնված Արայիկ Ղազարյանը։

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Վայոց Ձորի Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանն ասաց, որ ընտանիքի անդամներն արդեն հանդիպել են Արայիկին․ «Երեկ ինձ զանգահարեց Մալաթիա-Սեբաստիայի քննաչականի պետն ու ասաց, որ Արայիկի ծնողների հետ չեն կարողանում կապ հաստատել, ես զանգահարեցի Արայիկի մորը և հայտնեցի, որ որդին եկել է։ Աչքալուսանք տվեցի, ուրախացավ, ասեց՝ մի հորթ ենք մատաղ անելու։ Ասացի՝ ավելի լավ է ծախեք, ձեր խնդիրները լուծեք, կարևորն այն է, որ երեխան վերադարձել է։ Այժմ Արայիկը հիվանդանոցում է, ծնողներն այցելել են նրան, պետք է բուժզննություն անցնի, քննչական գործողություններ կլինեն, որից հետո կգան տուն»,- ասաց Արթուր Ստեփանյանը։

 

Նա նշեց, որ Արայիկին հանդիպելուց հետո ծնողների հետ խոսել է, սակայն թե ինչ վիճակում է եղե,լ չմանրամասնեց։ 

Նշենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը՝ հատարարել էր, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների  ստորագրած եռակողմ հայտարարության համաձայն՝ կատարվել է գերիների փոխանակում «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով․ «Դրան նախորդել է մեծածավալ նախապատրաստական աշխատանք հայկական և ադրբեջանական կողմերի հետ, որոնք իրականացրել են ռուս խաղաղապահները: Արդյունքում իմ անձնական վերահսկողության ներքո ռուսական օդանավը Բաքու է հասել, և Ադրբեջանի իրավասու մարմիններին է հանձնվել 12 մարդ: Ադրբեջանական կողմից Հայաստան է վերադարձել 44 մարդ։ Ռուս խաղաղապահներն առաջիկայում ևս նպաստելու են եռակողմ համաձայնագրի իրականացմանը»,- ասել էր Մուրադովը:

Սոնա Հարությունյան