ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի շրջանակներում նախորդ տարի Արարատի մարզ են ժամանել եւ իրենց հանգիստն անցկացրել 31 երկրի 101 երեխա: Ավշար համայնքը հյուրընկալել է 26, Վեդին' 20, Արարատ քաղաքը եւ Փոքր Վեդին' 16-ական, Տափերականը' 15 եւ Մխչյանը' 8 սփյուռքահայ երեխայի:

 

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանը, երեխաները հյուրընկալ ընտանիքներում եղել են ծրագրի ութ փուլերից երկրորդում, երրորդում եւ հինգերորդում:

 

Նրանց համար համայնքների մշակույթի տներում կազմակերպվել են ուրախ ժամանցային միոցառումներ: Մարզպետարանի նախաձեռնությամբ հյուրընկալող ընտանիքները կազմակերպել են ճանաչողական այցելություններ մարզի պատմամշակութային հուշարձաններ: Նրանք եղել են Խոր Վիրապ վանք-ամրոցում, Պարույր Սեւակի եւ Վազգեն Սարգսյանի թուն-թանգարաններում: Այդ ընթացքում «փոքրիկ դեսպանները» վայելել են հայկական հյուրընկալությունը, ձեռք բերել նոր ընկերներ ու բարեկամներ:

 

Հովհաննիսյանը կարեւորեց ծրագրի իրականացումը' միաժամանակ նշելով, որ սփյուռքահայ երեխաներն ապրում են օտարության մեջ, եւ նրանց համար մեծ արժեք են ներկայացնում մայր հայրենիքում անցկացրած այդ երկու շաբաթները: «Տեսնել Հայաստանը, վայելել օդն ու ջուրը, մոտիկից ծանոթանալ ազգային արժեքներին, հայ անհատի հոգեկերտվածքին. սա է գլխավորը, այն, որ երեխաների հոգում մի տաք անկյուն բացվի դեպի Հայաստան աշխարհը»,-նկատեց նա:

 

2014 թվականին Արարատի մարզպետարանը ճանաչվել է ՀՀ սփյուռքի նախարարության հուսալի գործընկեր, իսկ վերոհիշյալ աշխատանքների համար մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարի պատվոգրի:

 

Հովհաննիսյանը նշեց, որ հյուրընկալ ընտանիքների թվով Արարատի մարզն ունի ամենաբարձր ցուցանիշը: Հինգ տարվա արդյունքներով մարզային երեսունից ավելի համայնքների շարքում հյուրընկալած սփյուռքահայերի թվով Տափերական համայնքը մտնում է լավագույն հնգյակի մեջ:

 

2013 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին մարզի Տափերական, Վեդի, Արտաշատ, Մասիս, Արալեզ, Այնթապ եւ Նոր Խարբերդ համայնքները հյուրընկալել են 111 սփյուռքահայ երեխայի:

 

 

Լիլիթ Մաճկալյան