Օգոստոսի 1-ին վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնությունից օգտվելու ծրագրի շահառու կարող են լինել նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանվածները: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, «Ընդլայնվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով (ԷԿՈ) բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Ռուզան Մարտիրոսյանը:
«Նախկինում շահառուների խմբերից մեկը 20-36 տարեկան, 2 տարի եւ ավելի անպտղություն ունեցող կանայք էին: Նոր կարգավորմամբ շահառուների շրջանակը ընդլայնվում է, շահառու կարող են դառնալ 2 տարի եւ ավելի անպտղության ախտորոշում ունեցող անզավակ 20-40 տարեկան կանայք: Ընդ որում, 40 տարեկանում շահառու դառնալու դեպքում նրանք պահպանում են իրենց շահառուի կարգավիճակը մինչեւ 42 տարեկան դառնալը:
Շահառուների հաջորդ խեւմբը երկրորդային անպտղություն ունեցող, մեկ երեխա ունեցող 20-36 տարեկան, սահմանամերձ բնակավայրերի ամուսնական զույգերն էին: Նոր փոփոխությամբ հանվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչ լինելու պայմանը, եւ արդեն կարող են շահառու լինել 20-36 տարեկան, մեկ երեխա ունեցող ամուսնական զույգերը, որոնք 2 եւ ավելի տարի երկրորդային անպտղություն ունեն»,-ասաց նա:
Ռուզան Մարտիրոսյանի խոսքով, 2022-ին ունեցել են ծրագրի 842 շահառու, իսկ 2023-ին՝ 5441 շահառու. «Շրջանակի ընդլայնման արդյունքում կունենանք ավելի շատ շահառու նոր կարգավորմամբ:
Այս տարվա հունվարից մինչեւ հուլիս ամիսներին ունենք ավելի շատ ծնված բալիկ՝ 271, քան ամբողջ 2023-ին, երբ ծնվել էր 159 երեխա»,- ասաց նա:
Հարցին, թե ինչ ընթացակարգով շահառուները կարող են դիմել, Ռուզան Մարտիրոսյանը պատասխանեց. «Նրանք կարող են դիմել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամն բժշկական կազմակերպություն, այնտեղ դիմում են ներկայացնում, եթե շահառու լինելու պահանջներին համապատասխանում են: Ըստ բժշկական ցուցումների որոշվում է հետագա բուժօգնության ծավալը եւ ստանում են այդ բուժօգնությունը»: