Մայրաքաղաքում այս տարի ծնվել է ավելի շատ երեխա, քան նախորդ տարի: Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 18-ին տեղեկացրեց քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը՝ ներկայացնելով առողջապահության ոլորտում իրականացված աշխատանքները: 2014 թվականի դեկտեմբերի 15-ի տվյաներով՝ մայրաքաղաքում ծնվել է 21 հազար 462 երեխա: «Սա մեր ամենամեծ ձեռքբերումն է: Նախորդ տարի մայրաքաղաքում ծնվել էր 20 հազար 614 երեխա: Նշանակում է՝ 848 երեխա ավելի շատ է ծնվել: Ցուցանիշը կարող էր ավելի լավ լինել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Դավիթ Օհանյանը

 

Քաղաքապետի տեղակալն ընդգծեց, որ իրենք բուժհիմնարկների գինեկոլոգներին ցուցում են տվել, որ հետևողական աշխատանքներ տարվեն հղիների հետ: «Հաճախ սեռի հետ կապված աբորտներ են կատարվում, հոգեբանորեն փորձելու ենք ազդել և ծնելիության ցուցանիշը բարձրացնել»,- հավելեց նա:

 

Առողջապահությունը Երևանի քաղաքապետարանի գործունեության և իրականացվող ծրագրերի գերակա ուղղություններից է, որի հիմնական նպատակներն են հիվանդությունների վաղ հայտնաբերումը, կանխարգելումը, ախտորոշումը և բուժումը, բուժօգնության որակի ապահովումը և մատչելիության բարձրացումը: Երևանի բնակչության առողջությունը պահպանելու և բարելավելու նպատակով առողջապահության ոլորտում իրականացվում են բնակչության առողջության առաջնային պահպանման, մոր և մանկան առողջության պահպանման, բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկվա ծ անձանց բժշկական օգնություն ապահովելու, ինչպես նաև հատուկ նշանակություն ունեցող հիվանդներին բժշկական օգնություն (այդ թվում՝ տուբերկուլյոզի դեմ պայքարի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում), դեղորայքային և բնակչության հիգիենիկ ու համաճարակային անվտանգությունն ապահովելուն միտված հանրապետական և համայնքային նպատակային ծրագրեր: