Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է 1-2 տարով բարձրացնել ամուսնության համար թույլատելի տարիքային շեմը։

Գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքային շեմը 18 է, բայց բացառություններ կան ու, ըստ էության, թույլատրվում է ամուսնանալ 17, 16 տարեկանում: Հիմա առաջարկվում է այդ բացառությունները հանել ու թույլ չտալ անչափահասներին ամուսնանալ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն էլ տվյալներ է ներկայացրել, թե ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վաղ ամուսնությունները նվազել են և դրանով պայմանավորված երեխաների ծնունդները գրացված ամուսնությունների շրջանակում նույնպես նվազել են, բայց խնդիրը դեռևս մտահոգիչ է։

«2007թ.-ի ծնված, այսինքն՝ 17 տարեկան երեխաների մոտ 23 ամուսնությունից 23 երեխա ունենք ծնված, և 56 ամուսնություն 18 տարեկաների համար։ Իսկ 16 տարեկան 2 հոգի երեխա է ունեցել արդեն»,-նշել է նա։

Նա նշել է, որ կառավարությունն այս վաղ ամուսնություններն արգելելուն կողմ է․ «Նաև պետության վերաբերմունքը ցույց տալն անհրաժեշտություն ենք համարում»։