Հայաստանում զբոսաշրջային որակի զարգացման, մի շարք իրադարձությունների և միջոցառումների անցկացման, Հայաստանն ավելի ճանաչելի դառնալու և մի շարք այլ գործոնների շնորհիվ տարեցտարի աճում է մեր երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը:Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմի կայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը՝ ներկայացնելով 2014 թվականի առաջին կիսամյակի տվյալները: Նրա խոսքով, առաջին վեց ամսվա արդյունքները նույնպես գոհացուցիչ են:

 

«17, 3 տոկոս աճ ենք արձանագրել ներգնա զբոսաշրջության ոլորտում: Հայաստան է այցելել 495 հազար 957 զբոսաշրջիկ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Մեխակ Ապրեսյանը:

 

Ապրեսյանի խոսքով, շատ զբոսաշրջիկներ են այցելում մարզեր: «Եթե 2006-7 թթ. վիճակագրությամբ 25-36 տարեկան զբոսաշրջիկների տեսակարար կշիռն ընդհանուր զբոսաշրջային այցելություններում կազմում էր շուրջ 6 տոկոս, արդեն 2013 թվականի հետազոտության արդյունքները հետաքրքիր պատկեր են արձանագրում. ցուցանիշը հասել է 34 տոկոսի: 28 տոկոսով ավելացել է երիտասարդ զբոսաշրջիկների թիվը»,-ընդգծեց նա:

 

Ապրեսյանի համոզմամբ, յուրաքանչյուր մարզ իր գրավչությունն ունի զբոսաշրջիկների համար:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետի խոսքով, զբոսաշրջիկների շրջանում հարցումներ են կատարվել, ըստ որոնց Հայաստան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը՝ 99 տոկոսը պատասխանել է, որ կվերադառնա մեր երկիր և խորհուրդ կտա իր ծանոթներին ու բարեկամներին այցելել Հայաստան: