Այս տարվա հունվար-մայիս ամիսներին Վրաստան այցելած օտարերկրյա հյուրերի թվաքանակը անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել է 5 տոկոսով: Այսպես, եթե անցյալ տարի Վրաստան էր այցելել մեկ միլիոն 706 հազար 797 մարդ, ապա այս տարի հանրապետությունում եղել է մեկ միլիոն 790 հազար 774 զբոսաշրջիկ, տեղեկացնում է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմի տարածած հաղորդագրությանը:
Զբոսաշրջության ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ միջազգային այցելուների թվաքանակով առաջատարը Թուրքիայից ժամանող զբոսաշրջիկներն են՝ 517 հազար 537 մարդ, ինչը 16 տոկոսով զիջում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին:
Երկրորդ տեղում ադրբեջանցի հյուրերն են՝ 436 հազար 812 զբոսաշրջիկ, ինչը 22 տոկոսով գերազանցում է մեկ տարի առաջվա համապատասխան ցուցանիշը:
Ցուցակի երրորդ տեղում Հայաստանն է, որտեղից Վրաստանն ընդհանուր առմամբ ընդունել է 402 հազար 560 զբոսաշրջիկ: Ցուցանիշի աճը կազմել է 13 տոկոս:
28 տոկոսով աճել է Ռուսաստանից հանգստացողների թիվը, որը կազմել է 237 հազար 698: Նաեւ հաշվետու ժամանակաշրջանում Վրաստանը 48 հազար 788 զբոսաշրջիկ է ընդունել Ուկրաինայից (27 տոկոսով ավելի, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում):
Այն երկրների առաջին տասնյակում, որոնց ներկայացուցիչներն առավել հաճախ են այցելում Վրաստան, տեղ են զբաղեցրել ԱՄՆ-ը՝ 8 հազար 904 մարդ, Գերմանիան՝ 9 հազար 595 զբոսաշրջիկ, Իսրայելը՝ 8 հազար 620 այցելու, Լեհաստանը՝ 11 հազար 254 հանգստացող, Իրաքը՝ 7 հազար 614 մարդ: