Ազգային անվտանգության ծառայության աշխատակից ներկայացած Բ.Պ.-ն, հավաստիացնելով, որ նշված ծառայությունում իր՝ գեներալի կոչումով ծանոթի միջոցով կարող է համապատասխան գումարի դիմաց կարգավորել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակում գործելու արդյունքում գերեվարված ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու հարցը, ենթադրաբար գերեվարված Կ.Կ.-ի ազգական Խ.Գ.-ին դրդել է «գեներալին» փոխանցելու պատրվակով իրեն տալ 5 մլն դրամ կաշառք:

Դատախազությունից հայտնում են, որ այս մասին փաստական տվյալները ձեռք են բերվել 2022 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Խ.Գ.-ի հաղորդման հիման վրա. Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ և նույն օրն ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե:

2022 թվականի հոկտեմբերի 11-ին իրականացվել է «Կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողություն, որի ընթացքում Բ.Պ.-ն ձերբակալվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ նշված գումարի մի մասը՝ 1 մլն 200 հազար դրամը, ստանալուց անմիջապես հետո:

2022 թվականի հոկտեմբերի 12-ին քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Բ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Բ.Պ.-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 44-46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 44-440-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

Բ.Պ.-ի մեղավորությունը դատարանում ապացուցելու համար բավարար գնահատելով՝ հսկող դատախազի՝ 2022 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել Հակակոռուպցիոն դատարան: