Հոկտեմբերի 17-ին ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունից ստացվել է դիմում, որ Լեհաստանի Հանրապետության քաղաքացին «Մերսեդես» մակնիշի տաքսի ավտոմեքենայում թողել է փաստաթղթերով դրամապանակը:
Ոստիկանությունից հայտնում են, որ քաղաքացին զանգել է տաքսու վարորդին ու խնդրել դրամապանակը և փաստաթղթերը փոխանցել Լեհաստանի դեսպանատուն, սակայն տաքսու վարորդը հրաժարվել է՝ պահանջելով 200 եվրո:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների և ՔՈԳՎ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է տաքսու վարորդի ինքնությունը: 48-ամյա տղամարդը հայտնաբերվել և տարվել է «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմնին: