Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Աջափնյակ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Աջափնյակի գրադարանների կենտրոնացված համակարգի կենտրոնական գրադարանի մասնաշենք և հետևել քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերով ընթացող վերանորոգման աշխատանքներին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնտեղ, մասնավորապես, ամրացվում է շենքը, հիմնանորոգվում է տանիքը, փոխվում են պատուհանները: Շուրջ 2300 այցելու ունեցող գրադարանում պահվում է ավելի քան 212 հազար կտոր գրականություն:

 

Շրջելով բաժիններում և ծանոթանալով իրականացվող աշխատանքների ընթացքին՝ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է խստորեն հետևել հատկապես աշխատանքների որակի պահպանմանը: Քաղաքապետը նաև վստահեցրել է, որ արդեն հաջորդ տարի գրադարանում կիրականացվի շենքի ամբողջական հիմնանորոգում, որից հետո նոր ու առավել հարմարավետ պայմանները կնպաստեն նաև այցելուների թվի աճին:

 

Կհիմնանորոգվեն նաև Աջափնյակի մյուս 3 գրադարանները: Տարոն Մարգարյանը հետաքրքրվել է նաև գրադարանային ֆոնդի պահպանման և այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

 

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին իրականացվող նորոգումների համար՝ գրադարանի տնօրենն, առիթից օգտվելով, անդրադարձել է նաև քաղաքապետարանի կողմից գրադարանային ֆոնդի թարմացման ծրագրին և այցելուների անունից հատուկ շնորհակալություն հայտնել վերջերս տրամադրված 200 կտոր նոր, ժամանակակից և իրապես անհրաժեշտ գրականության համար: Ներկայում մայրաքաղաքի գրադարանային ֆոնդը կազմում է շուրջ 1 մլն 800 հազար կտոր գրականություն: