Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մոսկվայում Հայ առաքելական եկեղեցու նորակառույց համալիր

 

Երևան-Մոսկվա համագործակցության ծրագրի շրջանակում նոյեմբերի 26-ից 28-ը Մոսկվայում անցկացվող Երևանի օրերին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու նորակառույց համալիր:

 

Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանը, ողջունելով Երևանի քաղաքապետին և պատվիրակության անդամներին, հյուրերին ուղեկցել է շրջելու համալիրի տարածքով: Համալիրի բացումն ու Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու օծումը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերին: Մայր տաճարը, որն ի դեպ կառուցվել է Հայոց պատմական մայրաքաղաք Անիին հարակից քարհանքերից բերված վարդագույն տուֆով, Հայաստանի սահմաններից դուրս կառուցված ամենամեծ եկեղեցին է: Հայկական ճարտարապետության ոճով Մոսկվայի կենտրոնում կառուցված եկեղեցական համալիրն ընդգրկում է 1.3 հեկտար տարածք: Վանական համալիրի տարածքում են գտնվում նաև Սուրբ Խաչ փոքր եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային կենտրոնը, թանգարանը, հանդիսությունների և այլ սրահներ ու մասնաշենքեր: Երևանի պատվիարկության անդամները ծանոթացել են նաև «Հայերը Մոսկվայում. Պատմական ուղի» խորագրով ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշներին:

 

Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանը, ներկայացնելով առաջնորդարանի կողմից տարվող աշխատանքներն ու ծրագրերը, նշել է, որ համալիրն այսօր կարևոր դեր է ստանձնել ինչպես Մոսկվայի հայ համայնքի, այնպես էլ ռուսաստանաբնակ հայության հոգևոր կյանքի և ազգային-մշակութային արժեքների պահպանման ու տարածման գործում՝ դառնալով Ռուսաստանի հայերի հոգևոր կենտրոն:

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գնահատելով առաջնորդարանի կողմից կատարվող աշխատանքները, իր հերթին ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը տարբեր ծրագրերի շրջանակում մշտապես համագործակցում է ինչպես Մոսկվայի, այնպես էլ այլ քաղաքների հայ համայնքների հետ, և պատրաստակամություն է հայտնել Երևանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում աջակցել առաջնորդարանին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն