Մայիսի 5-ին նախատեսված Երևանի ավագանու ընտրություններում տարբեր քաղաքական ուժերի՝ «Ժառանգության» և Դաշնակցության հետ հնարավոր միասնական դաշինքով և համամասնական ցուցակով հանդես գալու իր հիմնական սկզբունքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է գործընկերներին: Այն է՝ համախմբման առանցքը պետք է լինի ԲՀԿ-ն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով. «Քննարկումների ընթացքում մեր գործընկերների հետ եղել ենք բացարձակապես անկեղծ և մեր դիրքորոշումն այն է, որ հնարավոր միասնությունը կարող է ձևավորվել ԲՀԿ առանցքի շուրջ»:

Հիշեցնենք, որ մի քանի օր է՝ «Հայ Յեղափոխական դաշնակցության» գրասենյակում երեք քաղաքական ուժերը ՝ (ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը և « Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանն ու Հովսեփ Խուրշուդյանը) անցկացնում են քաղաքական կոնսուլտացիաներ՝ Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրություններում հնարավոր միասնական համամասնական ցուցակով հանդես գալու շուրջ:

Մեր այն հարցին ի պատասխան, թե ի՞նչ սկզբունքով է կազմվելու ցուցակը՝ ինչ համամասնությամբ, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Հասկանալի է, որ ցուցակը կազմելիս որոշակի համամասնություններ պիտի հաշվի առնվեն»:
Իսկ այդ համամասնության՝ ԲՀԿ-ի համար ընդունելի տարբերակը, ըստ մեր տեղեկությունների՝ այն տրամաբանության մեջ է, թե այդ երեք քաղաքական ուժերից, որն ինչ համամասնությամբ է ներկայացված խորհրդարանում։ Այսպես, եթե ԲՀԿ-ն խորհրդարանում ունի 36 պատգամավոր, ապա «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն՝ 5-ական: Իհարկե, պարզ թվաբանական հաշվարկ չի կատարվի, բայց ներկայացվածության տրամաբանությունը ԲՀԿ-ն կփորձի պահպանել:

Tert.am –ի հետ զրույցում կոնսուլտացիաներին Դաշնակցությունից մասնակցող Աղվան Վարդանյանը, ի պատասխան հարցի, թե իրենց համար ընդունելի՞ է այդ սկզբունքը, ասաց. «Նման հարց չի քննարկվել: Կոնսուլտացիաները հարկ եղած դեպքում կշարունակվեն»:
«Ժառանգության» ներկայացուցիչներից այս հարցի պատասխանը ստանալ չհաջողվեց, քանի որ Հովսեփ Խուրշուդյանը չպատասխանեց, իսկ Ռուբեն Հակոբյանն ասաց, որ մարզերում լինելու պատճառով վերջին նիստին չի մասնակցել:

Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ քաղխորհրդի նիստից հետո հրապարակվեց Երևանի ավագանու ընտրությունների կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարի անունը՝ Վարդան Օսկանյան: Թերևս «Ժառանգության» և Դաշնակցության հետ հնարավոր միասնական դաշինքով հանդես գալու նկատառումներով դեռ առ ժամանակ ԲՀԿ-ն Կենտրոնական ընտրական հանձնաժողով չի ներկայացնում իր համամասնական ցուցակը:
Ի դեպ, մեր տեղեկություններով, ԲՀԿ ցուցակի երկրորդ համարը խմբակցության անդամ, «Միավորված աշխատանքային կուսակցության» ղեկավար Գուրգեն Արսենյանն է:

Նշենք նաև, որ քաղաքապետարանի ընտրությունների հետ կապված վերը նշված խորհրդակցություններից զատ, խորհրդակցություններ են ընթանում նաև «Ժառանգության» և «Հայ ազգային կոնգրեսի» միջև՝ ընդհանուր համագործակցության օրակարգով։