Ստամբուլի քաղաքային իշխանություններն արգելել են մի խումբ անձանց բողոքի ցույցը, ովքեր ցանկանում էին իրենց բողոքի ձայնը հայտնել Սիրիայի Աֆրին շրջանում թուրքական զինուժի սկսած գործողությունների դեմ: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Ոստիկանությունը ձերբակալել է 12 անձի, ում դեմ դատական գործընթաց է սկսվել Քրդական բանվորական կուսակցության (PKK) քարոզչությունն անելու հիմնավորմամբ:
Ավելի վաղ գործողությունների վերաբերյալ հայտարարությամբ էին հանդես եկել ինչպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այնպես էլ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ովքեր նշել էին, թե Աֆրինում թուրքական կողմի գործողություններին դեմ հանդես եկողները «աջակցում են ահաբեկիչներին»:
Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:
Քրդական ուժերը հունվարի 21-ին հայտարարել են, որ թուրք զինվորականներն ստիպված են եղել նահանջել Սիրիայի Աֆրինի շրջան մուտքի փորձի ժամանակ։