ԱՄՆ-ը կտրուկ կրճատել է մարտական այն գործողությունների թիվը, որոնք կատարվում են թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայից եւ դիտարկում է այնտեղ մշտական հիման վրա տեղավորված անձնակազմի թվաքանակի կրճատման հնարավորությունը:
Այդ մասին մարտի 12-ին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնատարների, որոնք նշել են, որ տեղի ունեցածի պատճառը երկու երկրների միջեւ լարված հարաբերություններն են: Հունվարին, թերթի տվյալներով, «Ինջիրլիք» ռազմակայանից Աֆղանստան է վերաբազավորվել A-10 գրոհիչների էսկադրիլիան: Աստիճանաբար նվազում է ռազմակայանի տարածքում գտնվող ամերիկացի զինծառայողների ընտանիքների թիվը:
Ներկայում «Ինջիրլիք»-ում բազավորված են F-22 Raptor եւ F-15 Eagle ամերիկյան կործանիչներ, ինչպես նաեւ լցավորող ինքնաթիռներ: ԱՄՆ-ի զինվորական ներկայացուցչի խոսքով՝ թուրքական ավիաբազայի օգտագործման մասշտաբների կրճատման հարցը «քննարկվում է արդեն որոշ ժամանակ»: Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում լարվածությունը կապված է այն բանի հետ, որ Թուրքիան լրջորեն անհանգստացած է Միացյալ Նահանգների կողմից սիրիացի քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» ջոկատներին ցուցաբերվող աջակցությունից:
Անկարան քանիցս հայտարարել է, որ Վաշինգտոնը սխալ է գործում՝ զենք մատակարարելով այդ կազմավորումներին: Թուրքական կողմը պնդում է, որ քրդերին տրամադրվող ամերիկյան զենքը կարող է ուղղվել Թուրքիայի դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: