Թուրքիայի զբոսաշրջությունը խոշոր կորուստներ է կրում Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա ճգնաժամի և պարբերաբար կրկնվող ահաբեկչական գործողությունների հետևանքով: Այս մասին գրում է «Wall Street Journal»-ը:

 

 

Պարբերականը նշում է, որ 2001-2014 թթ ընթացքում զբոսաշրջություն ոլորտում Թուրքիայի եկամուտները եռապատկվեցին՝ հասնելով 34,3 մլրդ դոլարի: Այս ոլորտում աշխատում էր շուրջ 1 մլն մարդ, ինչը կազմում է երկրի աշխատունակ բնակչության շուրջ 7 տոկոսը:

 

 

Ըստ «Wall Street Journal»-ի՝ իրավիճակը կտրուկ փոխվեց այն բանից հետո, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական Су-24 ռմբակոծիչը, ինչից հետո Մոսկվան տնտեսական պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի նկատմամբ:

 

 

Բացի դրանից, ըստ պարբերականի, ոլորտի վրա իրենց բացասական ազդեցությունը թողեցին նաև պարբերաբար կրկնվող ահաբեկչական գործողությունները:

 

 

Այս առումով՝ «Wall Street Journal»-ը մեջբերում է, աշխարհում խոշորագույն «TUI Group» զբոսաշրջային օպերատորի և գերմանական զբոսաշրջության ասոցիացիայի տվյալները, ըստ որոնց Թուրքիա նախատեսված այցելությունները 2015 թ համեմատությամբ նվազել են 40 տոկոսով, իսկ հարյուրավոր հյուրանոցներ վաճառքի են հանվել: