Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Փողը խոսում է և այս պահին խոսում է աղբի մասին» վերնագրով հոդված է հրապարակել իր կայքում:

 

«Ես և ընտանիքս սովորել ենք ամեն տեսակ անհեթեթության, որը մեր մասին շրջանառվում է մամուլում։ Ստերը հաճախ են գլխատառերով հրապարակվում՝ հայտնվելով ամսագրերի շապիկներին: Սակայն, երբ մի ամբողջական էջ կեղծ գովազդ է հրապարակվում Wall Street Journal-ում Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ, ես չեմ կարող անտարբեր անցնել:

 

Գովազդը վճարվել է թուրքական հարթակի կողմից: Ես չեմ նշի անունը՝ նրանց դիտումները չավելացնելու նպատակով։ Նրանք այդ հարթակում, սովորաբար, հայտարարում են, թե պատմաբանները ուռճացնում են զոհված հայերի թիվը, սովորաբար, տեղի ունեցածի մեջ մեղադրում հայերին։

 

Այն, ինչ հրապարակել է Wall Street Journal-ը, վտանգավոր է, հիասթափեցնող, անհեթեթ։ Եթե դա աներ որևէ էժանագին թաբլոիդ, հասկանալի կլիներ, բայց երբ անում է նման հեղինակավոր պարբերականը, ինչպիսին Wall Street Journal-ն է, գումար է վաստակում Հայոց ցեղասպանության վրա, ամոթալի և անթույլատրելի է։

 

Մեր հարցումներին պարբերականը պատասխանել է, թե «իրենք որպես գովազդ ընդունում են լայն շրջանակ, որում կարող են ներառվել նաև սադրիչ թեմաներ։ Մենք կարող ենք մեր քիմքին հարմար ցանկացած բան ներկայացնել որպես գովազդ»։

 

Եթե դուք Ցեղասպանության համար պատասխանատու երկրի փաստաբանն եք, չեք կարող այլ տեսակետ ներկայացնել, դուք կեղծիք եք տարածում։ Դա անմիտ և վտանգավոր է։ Եթե դա լիներ գովազդ Հոլոքոսթի կամ 9/11-ի դավադրության մասին, կտպեի՞ք։

 

Բազում պատմաբաններ կարծում են, որ եթե Թուրքիան ընդուներ իր պատասխանատվությունը Ցեղասպանության համար, Հոլոքոսթը չէր լինի։ 1939թ.՝ Լեհաստան ներխուժելուց մեկ շաբաթ առաջ, Հիտլերն ասում էր. «Այսօր ո՞վ է հիշում հայերի մասին»։

 

Ուրեմն, մենք ենք հիշում։ Մենք պետք է հիշենք և ասենք։ Երբ մենք վախենում և լռում ենք, մենք սովորեցնում ենք մեր երեխաներին, որ ճշմարտությունը կարևոր չէ։ Մենք պատասխանատու ենք այն ամենի համար, ինչ փոխանցում ենք մեր երեխաներին։ Մենք պետք է հոգանք ճշմարտության համար, որ պահպանենք իրենց ապագան»,- եզրափակել է Քարդաշյանը։

 

Նշենք, որ պարբերականը տպագրել էր «Fact Check Armenia» խմբի գովազդը։ Այդ խումբը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը։ Գովազդում ակնարկներ էին արվել, թե հայերն ունեն մեղքի իրենց բաժինը տեղի ունեցածի մեջ։